Ղազարյան․ Բաքուն գերիների մի մասին ժամանակ առ ժամանակ կվերադարձնի, բայց ոչ բոլորին

Ղազարյան․ Բաքուն գերիների մի մասին ժամանակ առ ժամանակ կվերադարձնի, բայց ոչ բոլորին

9 փետրվարի 2026 – 18:56 AMT

PanARMENIAN.Net – Նախագահական նստավայրի մոտ, որտեղ մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, բողոքի ակցիայի ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ցանկացած քաղաքական համաձայնության հիմքում անպայմանորեն պետք է լինեն իրավական չափանիշներ և ստանդարտներ։ Նրա խոսքով, եթե խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ապա հարցը լուծելու համար պահանջվում է համապատասխան քաղաքական կամք և համաձայնեցված պայմանավորվածություններ։

«Վստահ եմ՝ մի մասին ժամանակ առ ժամանակ կվերադարձնեն, բայց ոչ բոլորին։ Դատելով մեղադրանքների բնույթից, այն նպատակներից, որոնք Ադրբեջանն է հետապնդում, իսկ իրավական գործընթացի նպատակն այն չէ, ինչ-որ ընկած է ձևական գործընթացի հիմքում, դա քաղաքական է՝ հերքել ընդհանրապես Արցախի անկախությունը որպես պատմական փաստ և որպես իրավական երևույթ։ Հեռահար նպատակը դա է, իսկ եթե դա է, նշանակում է՝ ոչ բոլորը կվերադառնան Հայաստան»,– ասել է Ղազարյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է ոչ թե իրավական, այլ քաղաքական շահերի սպասարկման համար՝ ձգտելով հերքել Արցախի անկախության իրավական և պատմական հիմքերը։

Արա Ղազարյանը նաև անդրադարձել է իշխանությունների կողմից եկեղեցու հանդեպ տարվող քաղաքականությանը:

«Այդ ամբողջը գործադիր իշխանության կողմից կրոնական համայնքի ինքնավարության իրավունքի միջամտություն է, որն անթույլատրելու է»,-ասել է նա:

Հավաքը կազմակերպվել է՝ միջազգային հանրության, մասնավորապես՝ ամերիկյան պատվիրակության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու համար Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտության վրա։

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment