Կազմակերպությունները կկարողանան ուղիղ աջակցել հաշմանդամություն ունեցողներին․ նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծի, որով առաջարկվում է ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության մեխանիզմները և պարզեցնել սոցիալական ծառայություններից օգտվելու գործընթացը։

Առաջարկվող օրենսդրական փաթեթով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին։ Գործող կարգավորմամբ նման աջակցությունը կարող էր իրականացվել միայն պետության կողմից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ արդեն կա «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման որոշակի բեռ, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար վերջույթների պրոթեզավորման մասով։

Փոփոխություններից մեկով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը։ Նախարարը հայտնել է, որ պետական բյուջեի միջոցներով արդեն կառուցվում է նման կենտրոն, որը նախատեսվում է կիրառել որպես մոդել նաև ապագայում։ Քննարկվում է նաև այդ կենտրոնների շահագործման հնարավորությունը ոչ պետական կազմակերպություններին փոխանցելու տարբերակը, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան լիազորող նորմ։

Leave a Comment