Ավինյանն առաջարկել է ավտոտնակները պահպանել՝ հողի վարձակալության հիմունքներով

Ավինյանն առաջարկել է ավտոտնակները պահպանել՝ հողի վարձակալության հիմունքներով

9 փետրվարի 2026 – 15:06 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ քաղաքապետարանը պարբերաբար ստանում է քաղաքացիներից դիմումներ՝ ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր։

«Ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Մեր գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր վերգետնյա ավտոտնագները գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, և այնտեղ մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնակամ շինություններ օրինականացնելու», – ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նրա պարզաբանմամբ՝ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ ոչ միայն օրինականացման հնարավորություն չկա, այլև այդպիսի կառույցները ենթակա են ապամոնտաժման։

Այդուհանդերձ, քաղաքապետը ներկայացրել է այլընտրանքային լուծում։

«Առաջարկում եմ կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Բոլոր ավտոտնակները չեն ենթարկվի քանդման։ Եթե վարչական շրջանի հետ կնքեք վարձակալության պայմանագիր, կկարողանաք շահագործել այդ կառույցները», – ասել է Ավինյանը։

Leave a Comment