9 փետրվարի 2026 – 14:45 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ իշխանություններն ակտիվորեն փորձում են տարբեր քրեական գործերի միջոցով հասնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդում հարուցելուն։ Այդ մասին նա ասել է դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ։ Մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի։ Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել», – ասել է Զոհրաբյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա համոզմամբ՝ կաթողիկոսի դեմ գործ հարուցելը դարձել է իշխանությունների երազանքը, սակայն դա այդքան էլ դյուրին չէ։ Փաստաբանի կարծիքով՝ այդ փորձերից մեկն է նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ներկայացված դատական հայցը։ Զոհրաբյանը նշել է, որ հենց Սարոյանի գործով դատական որոշման հիման վրա Քննչական կոմիտեն հարուցել է գործ վեց եպիսկոպոսի և մեկ քահանայի նկատմամբ՝ նրանց մեղադրյալ ճանաչելու նպատակով։
«Արման Սարոյանը կարողացել է փոխանցումներ կատարել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից, բայց նման իրավունք չուներ, քանի որ ներկայում ո՛չ պաշտոն է զբաղեցնում, ո՛չ էլ հոգևորական է։ Հիմա վաղը, եթե այս հարցով Սարոյանը պարտվի, ո՞վ է պատասխան տալու այդ ֆինանսական կորուստների համար։ Դատարանը, Պանդորայի արկղը բացելով, լուրջ փաստի առաջ է կանգնեցրել բոլորին։ Պատմական քայլ է կատարել դատավորը, քանի որ դարերի ընթացքում չենք ունեցել դեպք, որ դատարանը ներխուժի եկեղեցու ինքնակառավարման և կարգապահական տիրույթ», – ասել է Զոհրաբյանը։
Սարոյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը, որով նա ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, և վերականգնել իրեն այդ պաշտոնում։
Դատարանը ավելի վաղ որոշում է կայացրել Սարոյանին վերանշանակել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ որպես հայցի ապահովման միջոց՝ մինչև վերջնական դատական ակտի ընդունումը։
2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող տասը եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխումների» մեկնարկի վերաբերյալ՝ ներկայացնելով այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»։ Փաշինյանի և եպիսկոպոսների ստորագրած փաստաթղթով ձևավորվել է համակարգող խորհուրդ, որը զբաղվելու է եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական գործընթացներով։