Արաղչի․ Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և այլ երկրների ջանքերը` խթանելու Թեհրան-ԱՄՆ բանակցությունները

Արաղչի․ Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և այլ երկրների ջանքերը` խթանելու Թեհրան-ԱՄՆ բանակցությունները

9 փետրվարի 2026 – 14:11 AMT

PanARMENIAN.Net – Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բարձր է գնահատել Ադրբեջանի և տարածաշրջանի ևս վեց երկրների նախաձեռնողական ջանքերը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցային գործընթացի խթանման ուղղությամբ։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ընթանում են խորհրդակցություններ տարածաշրջանի այն պետությունների հետ, որոնք սեփական նախաձեռնությամբ ձգտում են աջակցել երկխոսության հաստատմանը, հայտնում է APA-ն IRNA գործակալության վրա հղումով:

Աբաս Արաղչին հիշեցրել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Եգիպտոսի նախագահները հեռախոսազրույցներ են ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ:

«Ես նույնպես ունեցել եմ և շարունակելու եմ ունենալ բազմաթիվ հեռախոսազրույցներ տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում տարածաշրջանային երկրների բարի կամքին և անկեղծ ջանքերին։ Նրանց դերը լարվածության նվազեցման, ծայրահեղ քայլերը կանխելու և կողմերին բանակցությունների մղելու հարցում չափազանց արդյունավետ է եղել։ Տարածաշրջանի պետությունների կողմից բանակցություններին աջակցելը շատ դրական հանգամանք է, և մենք շարունակելու ենք խորհրդակցությունները տարածաշրջանի երկրների հետ»։

Նախարարի խոսքով՝ տարածաշրջանային երկրների նման նախաձեռնությունները կարող են նշանակալի դեր խաղալ իրանա-ամերիկյան բանակցությունների առաջընթացի և ձեռք բերված պայմանավորվածությունների կայունության ապահովման գործում։

Արաղչին նաև նշել է, որ Իրանը շարունակում է խորհրդակցություններն իր ռազմավարական գործընկերների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ:

«Երեկ իմ տեղակալը հանդիպում է ունեցել Չինաստանի և Ռուսաստանի դեսպանների հետ։ Մենք նրանց տեղեկացրել ենք բանակցությունների մանրամասների և ընթացքի մասին և շարունակելու ենք խորհրդակցությունները նրանց հետ»,-ասել է նա:

Leave a Comment