7 փետրվարի 2026 – 13:11 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ 250-ամյակի միջոցառումների շրջանակում, համագործակցելով Care for Children միջազգային կազմակերպության հետ, կազմակերպել է «Journey of Reform for Children in Care» խորագրով միջազգային համաժողով։
Միջոցառումը մի հարկի տակ է համախմբել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նեպալից, Իսլանդիայից և Հնդկաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների ու ոլորտային փորձագետների՝ խնամատարության համակարգի բարեփոխումներն ու քաղաքականությունները քննարկելու նպատակով, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Care for Children կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերն իր խոսքում անդրադարձել է կազմակերպության հաջողություններին՝ Հայաստանը ներկայացնելով որպես օրինակելի երկիր և արտահայտելով իր երախտագիտությունը ՀՀ կառավարությանը՝ համագործակցության և առաջնորդության համար։
Ելույթներով հանդես են եկել նաև Schwarzman Scholars ծրագրի գործադիր տնօրեն և Care for Children U.S.-ի խորհրդի անդամ Էմի Սելիկոն, ինչպես նաև Tech For Good Institute-ի հիմնադիր նախագահ, Care for Children-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Իլարիա Չանը։
Բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ ընդգծելով երեխաների բարեկեցության ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը և Հայաստանի գրանցած շոշափելի առաջընթացը։
Համաժողովի հիմնական բանախոսն է եղել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Իեն Դանկըն Սմիթը։