9 փետրվարի 2026 – 12:09 AMT
PanARMENIAN.Net – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մեկնարկող այցին, ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է,որ ՀՀ-ն պետք է կարողանա երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, որ Ադրբեջանին վաճառված զենքը մեր դեմ չի օգտագործվի։
«Մեզ երաշխիքներ են պետք ԱՄՆ–ից։ Կամ թող մեզ էլ զինեն, որ հակակշռվի, կամ երաշխիքներ տան, որ իրենցից գնված զենքը մեր դեմ չի կիրառվելու»,-ասել է նա:
Նա հիշեցրել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանն ԱՄՆ պատժամիջոցների տակ էր և չէր կարող գնել ամերիկյան զենք կամ այնպիսի ապրանքներ, որը կարող էր օգտագործվել ռազմական նպատակներով՝ բացառությամբ Իրանի հետ սահմանի ամրապնդման միջոցների:
Մարուքյանն անդրադարձել է նաև գերիների հարցին,որոնք ցմահ ազատազրկման և տևական բանտարկության դատապարտվեցին Աբու Դաբիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խաղաղության մրցանակ ստանալու հաջորդ օրը:
«Մինչդեռ Հայաստանում դատավարությունից հետո պետական մակարդակում ոչ մի հայտարարություն չի հնչում»,-նշել է նա:
Ըստ Մարուքյանի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ դատելով Բաքում Հայաստանի վերջին 30 տարվա կյանքն է դատապարտում, որպեսզի հետագայում որպես փոխհատուցում հող ուզի։
«Ադրբեջանի պլաններում կա Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի վերաբերյալ տարածքային պահանջներ։ Հարց է առաջանում` լավ, ինչի՞ է զինվում Ադրբեջանը, ո՞ւմ դեմ է զինվում,… »,-ասել է նա՝ հավելելով, որ երաշխիքներ են պետք:
Մարուքյանը նաև նշել է, որ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը, հնարավոր է, նպատակ ունի հասկանալու Երևանի և Բաքվի դիրքորոշումները Իրանի դեմ հնարավոր գործողությունների պարագայում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ մեկնելու է Բաքու: