Վրաստանը նախատեսում է մինչև 2030թ–ն ավարտել ՀՀ սահման տանող ճանապարհի շինարարությունը




 

Sputnik. Վրացական կողմն ավելի քան 22 մլն դոլար կծախսի ճանապարհն արդիականացնելու համար։


 


Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


 


Խոսքը Ալգետի-Սադախլո հատվածի մասին է, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ հատվածները Ադրբեջանի ուղղությամբ, ինչպես նաև կառուցել թուրքական սահման տանող Բաթումի-Սարփի ճանապարհը։


 


Նա նշել է, որ Վրաստանի տարածքով տարանցումը հատուկ դեր է խաղում տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ գործող ազատ առևտրի մասին համաձայնագրերը։


 


Դրա լրացուցիչ ամրապնդման համար ներկայում իրականացվում է Վրաստանի միջոցով Ասիան և Եվրոպան կապող Արևելք-Արևմուտք մայրուղու հատվածի կառուցման լայնածավալ նախագիծը, ինչպես նաև Ռուսաստան տանող «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը։


 


«Մենք ձգտում ենք առավելագույնս օգտագործել մեր երկրի ռազմավարական դիրքը։ Մեր խնդիրներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների, տարանցիկ գործառույթի զարգացումն է», – հայտարարել է Կոբախիձեն։


 


Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այս ոլորտում զգալի ներդրումներ են արվում։


 


Հիշեցնենք, որ Վրաստանը 2025 թվականին սկսել է դեպի Հայաստան նոր ճանապարհի շինարարությունը։ Երկիրն ավելի քան 22 մլն դոլար կծախսի ճանապարհի արդիականացման համար։


 


 


Leave a Comment