Լավրովի «կարմիր գծերը» և Սիմոնյանի ռուսական «ամորտիզատորը»

Լավրովի «կարմիր գծերը» և Սիմոնյանի ռուսական «ամորտիզատորը»

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում փորձում էր դիվանագիտական «ամորտիզատոր» ստեղծել, որը կոչված է մեղմելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարվող այցից ՌԴ-ում նոր սրացումները։

«Մուկնուկատու» Մոսկվայում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու կարևոր հանդիպում է ունեցել․ մեկը՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, մյուսը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Եթե Մատվիենկոյի այցին վերաբերող տեղեկատվական ֆոնը բավական ստանդարտ էր, արարողակարգային, ապա Լավրովի հետ հանդիպումը կարելի էր բնորոշել որպես «տանգո», որտեղ զույգերից ամեն մեկը մտածում էր ոչ թե պարի էսթետիկ կողմի մասին, այլ փորձում ռիթմը թելադրողը լինել։ Նրանց հրապարակային երկխոսության ժամանակ կողմերը խոսում էին տարբեր, նույնիսկ հակադիր նարատիվային կոդերով։ Լավրովն իրեն հատուկ սառնասրտությամբ և ուղղախոսությամբ գծեց Ռուսաստանի ներկայիս «կարմիր գծերը»։ Օրինակ, Մոսկվայի համար Հայաստանի եվրոպական ձգտումներն իրենք չեն ընկալում որպես ինքնիշխան ընտրություն կամ ժողովրդավարական շտրիխ, այլ՝ իրենց «ռազմավարական պարտության» գործիք Արևմուտքի ձեռքին։ Լավրովի հռետորաբանությունը հստակ էր. Հայաստանը պետք է ընկալի իրեն որպես Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտության դրվագային դերակատար, որտեղ չեզոքություն չկա․ կամ մեզ հետ եք, կամ՝ մեզ պարտության մատնել ցանկացողների, հետևաբար՝ թշնամի։

Լավրովի հայտարարությունը, թե ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն «աշխարհայացքային առումով անհամատեղելի» են, հնչում էր գրեթե վերջնագիր։ Սակայն Երևանի ընկալումներով՝ սա ուղղակի աշխարհաքաղաքական գույքագրում է։ Երբ Ռուսաստանը 2020-2023թթ․ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաների փուլում հրաժարվեց հստակ ճանաչել Հայաստանի արևելյան սահմանները, նա փաստացի փշրեց իր հետ կապվող անվտանգային վստահության վերջին նշույլները։ Հրաժարվելով երկկողմ պայմանագրային և ՀԱՊԿ պարտավորություններից՝ Մոսկվան ինքը ստեղծեց անվտանգային վակուումը, որը Հայաստանը փորձում է լցնել այլ միջոցներով։

Սիմոնյանի առաքելությունը՝ «կրակը վերցնել իր վրա»

Ինչո՞ւ հենց Ալեն Սիմոնյանը։ Լավրովը հանդիպեց մի ֆիգուրի հետ, որը թեև պաշտոնական աստիճանակարգում չի որոշում երկրի արտաքին քաղաքական կուրսը, սակայն իշխող քաղաքական ուժի ամենաազդեցիկ, միաժամանակ՝ ամենաընդգծված «հակառուսական» ձայներից մեկն է։ Սա Մոսկվայի դասական հնարքն էր՝ ուղերձը հասցնելու հենց «թիրախին» և ստուգել իշխանական էլիտայի դիմադրողականությունը։

Սիմոնյանն, իր հերթին, Մոսկվայում կատարեց դիվանագիտական «ճնշման ստուգում»։ Նրա հավաստիացումները՝ ԵԱՏՄ-ին հավատարիմ մնալու և Ռուսաստանին որպես դաշնակից ընկալելու մասին, ունեին «տեխնիկական» բնույթ։ Դա փորձ է՝ ժամանակ շահելու և ռուսական հնարավոր տնտեսական «մահակը» կանխելու համար, քանի դեռ Երևանը փնտրում է ավելի հուսալի «զրահաբաճկոն», քանի դեռ պարզ չէ՝ ինչպես ուկրաինական թնջուկը կլուծվի, և լուծվելուց հետո ինչպիսին կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականության հատումը Հարավային Կովկասում։ Այս պայմաններում Սիմոնյանը, փաստացի, «կրակը վերցրեց իր վրա»՝ փորձելով ցույց տալ, որ Երևանը դեռ պատրաստ է խոսել, նույնիսկ, եթե այդ խոսակցությունը հիշեցնում է փակուղի։

Ջեյ Դի Վենսի շունչը և տարածաշրջանային «վերմակը»

Լավրովի տոնայնության ներվը կապվում է ԱՄՆ փոխնախագահ Ջե Դի Վենսի՝ փետրվարի վերջին Երևան սպասվող պատմական այցի հետ, չնայած՝ նա ուղղակի այդ մասին չի խոսում։ «Տարօրինակն» այն է, որ տարածաշրջան ներխուժում է ԱՄՆ-ն, TRIPP-ի երաշխավորը դառնում է ԱՄՆ-ն, տարածաշրջանային կոմունիկացիոն հանգույցների կառավարչի ֆունկցիան Մոսկվայից խլում է Վաշինգտոնը, բայց Լավրովն իր խոսքում թիրախավորում է ՆԱՏՕ-ն։ Դա լավագույն միջոցն է՝ խուսափելու Վաշինգոնին թիրախավորելուց, քանի դեռ նրանից սպասելիքներ ունեն ուկրաինական խնդիրն իրենց օգտին լուծելու հարցում։

Միաժամանակ, սակայն, Մոսկվայում հասկանում են, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան փոխում է տարածաշրջանային խաղի տրամաբանությունը։ Վաշինգտոնը նոր թափով փորձում է տիրանալ տարածաշրջանային կայունության «վերմակին», որը Ռուսաստանը անհաջող դեռ փորձում է պահել իրեն՝ որպես միակ օրինական մոդերատոր։

Երբ Լավրովը Սիմոնյանի հետ զրույցում շեշտում է 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի փաստացի չեղած կենսունակությունը և դրան հավատարիմ մնալու անուղղակի հրահանգ իջեցնում, նա փորձում է Հայաստանի միջոցով փրկել միջնորդական և տարածաշրջանային լիդերի՝ իր փլուզված մենաշնորհը։ Իրականում, սակայն, այդ մենաշնորհը ոչ թե Վենսը, Վաշինգտոնը, Բրյուսելը կամ Երևանն են փլուզել, այլ՝ Ռուսաստանն ինքը, ԼՂ-ն զոհաբերելով թուրք-ադրբեջանական տանդեմին և այդ կերպ Թուրքիային հնարավորություն տալով հենց Մոսկվային զրկելու ռեգիոնալ այդ մենաշնորհից և կորցնելու հիմնական բոլոր քաղաքական լծակները։ Այս ամենի ֆոնին Վենսի այցը ուղղակի խորհրդանշում է Ռուսաստանի, որպես «միակ երաշխավորի», կարգավիճակի մայրամուտը։

Դրանից առաջացած մաղձն է, ահա, որ Լավրովը հանում է Հայաստանի խորհրդարանի նախագահից՝ «տարօրինակ» կերպով մոռանալով, որ տանգոն այս դեպքում նաև երրորդ կողմ ունի՝ Ադրբեջանը, որի հետ ևս իրենք «դաշնակցային փոխգործակցության» մեջ են՝ համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment