ԱՄՆ Տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը կմիանա փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ փետրվարի 9-11-ը Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում, հայտնում է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ուղևորությունը Հայաստան և Ադրբեջան կնպաստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին և կխթանի Թրամփի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագծին։
Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։
Փետրվարի 6-ին հայկական բարեգործական կազմակերպությունները դիմել էին Վենսին՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակմանն աջակցելու համար։ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով Վենսին դիմել էին նաև Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպություններ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել էր բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը։
