Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին և կատարել նոր նշանակումներ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ զինված ուժերում դադարեցվել էր փետրվարի 1-ից, հայտնում է Մայր Աթոռը։

Նշվում է, որ կաթողիկոսն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է փոխանցել հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։

Հանդիպմանը Գարեգին Երկրորդը կատարել է նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։

Հունվարի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից Հայաստանի զինված ուժերում այլևս չի գործելու հոգևոր ծառայությունը։ Տարբեր հոգևորականներ «Ազատության»-ը պատմել էին, որ հրամանատարները ճնշում են գնդերեցներին, փորձում ներքաշել եկեղեցու «բարենորոգման արհեստական շարժման մեջ»:

Leave a Comment