7 փետրվարի 2026 – 12:15 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ՀԿԱԾ) ընթացք է տվել մոտ 2.8 միլիոն կատարողական վարույթի։ Բռնագանձված գումարը կազմել է մոտ 64 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 11 տոկոսով։ Այդ մասին ասվել է ՀԿԱԾ 2025 թվականի գործունեության ամփոփիչ խորհրդակցության ժամանակ, որին ներկա է եղել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Բռնագանձված ամբողջ գումարից մոտ 21 միլիարդ դրամ ուղղվել է պետական բյուջե, ավելի քան 39 միլիարդ դրամ՝ իրավաբանական անձանց, ֆիզիկական անձինք ստացել են 3 միլիարդից ավելի, իսկ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով գանձվել է 9 միլիոն դրամ։
Համաձայն ծառայության ներկայացրած տվյալների՝ 2025 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ հաստատված անհուսալի վարկ ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում նույն տարվա ընթացքում շահառու է ճանաչվել 12,464 պարտապան։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը դրական է գնահատել ՀԿԱԾ-ի 2025 թվականի աշխատանքը՝ ընդգծելով առաջիկա տարվա մարտահրավերները։
«2025 թվականի ընթացքում թեև հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակը նվազել է, այնուամենայնիվ, հօգուտ պահանջատերերի բռնագանձված գումարն էականորեն գերազանցում է Հարկադիր կատարման ծառայության պատմության ընթացքում որևէ տարեթվին կատարված գանձումները։ Նշված դրական ցուցանիշների հետ մեկտեղ պետք է արձանագրեմ, որ Ծառայությունը դեռևս ամբողջ ծավալով չի իրացրել իր պոտենցիալը կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովելու մասով։ Պետք է աշխատենք թիմային մթնոլորտում՝ նպատակ ունենալով ապահովել պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,-ասել է նա:
Ամիրխանյանն իր խոսքում 2026 թվականի առաջնահերթությունների շարքում առանձնացրել է թվայնացման շարունակական գործընթացը, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի արդյունավետ կիրարկումը, հարկադիր կատարողների վերապատրաստման շարունակականությունը, ինչպես նաև միջգերատեսչական և միջազգային համագործակցության խորացումը։
Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի հրամանով մի շարք ծառայողների հանձնվել են գերատեսչական պարգևներ և շնորհակալագրեր՝ ծառայողական պարտականությունները պատշաճ և բարեխիղճ կատարելու համար։
Ըստ ձևավորված ավանդույթի՝ «Լավագույն բաժին» անվանակարգով փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնին և Ֆինանսական բաժնին։