6 փետրվարի 2026 – 19:00 AMT
PanARMENIAN.Net – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողներին ասել է, որ սրբազանի խափանման միջոցի փոփոխությունը կրկին քաղաքական որոշման արդյունք է։
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Աջապահյանի խափանման միջոցը փոխելու մասին՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով։
Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ինչպես քրեական գործի հարուցումը և կալանավորումը, այնպես էլ վերջին փոփոխությունը բխել են ոչ իրավական, այլ քաղաքական նպատակներից։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ այս դեպքում ազդեցություն է գործել նաև միջազգային կազմակերպությունների արձագանքը, հասարակական լարվածությունն ու մեդիա դաշտի ակտիվությունը։
«Բոլորն էլ հասկանում են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանիրավի գտնվում է կալանքի տակ, ընդ որում՝ խոսքով կատարված արարքի համար։ 63 տարեկան է, արքեպիսկոպոս է, և մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները դրսում են կամ տնային կալանքի տակ են գտնվում։ Այս տարբերակված մոտեցումը շատ ակնառու է։ Կարծում եմ, որ այսօր դատական համակարգը հասկանում է, որ ՄԻԵԴ-ի ձեռքից չի պրծնելու կամ միջազգային կառույցների կողմից այս ճչացող խախտումներն իրենց դեմ են ուղղվելու»,- ասել է Զոհրաբյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի շրջանակում ակնկալում են դրական արդյունք՝ հիմնվելով խախտումների ակնհայտության վրա։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հրապարակային հայտարարությունների հիման վրա, որոնք, ըստ մեղադրանքի, ուղղված են եղել իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն։
Նա կալանավորվել է հունիսի 28-ին։ Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը նրան ճանաչել է մեղավոր և դատապարտել երկու տարվա ազատազրկման։
Պաշտպանական խումբը նոյեմբերի 13-ին բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը և արդարացնել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանին։