Եթե դուք ինձ ևս մեկ անգամ վիրավորեք, ես խոսափողը կշպրտեմ ձեր ուղղությամբ․ «Բարսելոնայի» նախկին նախագահը՝ լրագրողին



ArmSport.am-ը գրում է․


«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը կտրուկ է արձագանքել լրագրողի՝ կատալոնական ակումբի կողմից մրցավարներին կաշառելու վերաբերյալ հարցին։



Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գասպարը ցուցմունք է տվել դատարանում՝ աղմկահարույց «Նեգրեյրայի գործով»։

«Եթե դուք ինձ ևս մեկ անգամ վիրավորեք, ես խոսափողը կշպրտեմ ձեր ուղղությամբ։ Ժոան Գամպերի կողմից «Բարսելոնայի» հիմնադրման պահից ի վեր ակումբը երբեք օրենք չի խախտել։


Իսկ մրցավարին կաշառելը, որպեսզի նա քո օգտին որոշումներ կայացնի, հանցագործություն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են ցանկանում, որ մարդիկ հավատան դրան», — Գասպարի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» և ակումբի ղեկավարությանը մեղադրանք էր առաջադրվել կաշառակերության համար՝ կապված Իսպանիայի ֆուտբոլի թագավորական միության (RFEF) Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների հետ։

Դատարանը հանցագործություն է որակել 2001-ից 2018 թվականներին «Բարսելոնայի» կողմից Նեգրեյրային մի քանի միլիոն եվրոյի փոխանցումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment