Ալբուկերկե քաղաքում գտնվող տունը, որտեղ «Ամբողջ ծանրությամբ» (Breaking Bad) հեռուստասերիալի սյուժեի համաձայն ապրել է Ուոլթեր Ուայթը, մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է շուրջ 90 տոկոսով։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Սկզբնական տունը վաճառքի էր հանվել 4 մլն դոլարով, սակայն ներկայում գինը նվազեցվել է մինչև 400 հազար դոլար։
Տան սեփականատերը դեռևս օգոստոսին նշել էր, որ անշարժ գույքը հնարավոր է վերածել թանգարանի, ինչի դեպքում գնորդը կարող էր զգալի շահույթ ստանալ։ Սակայն, ինչպես նշել է TMZ-ի հետ զրուցած անշարժ գույքի գործակալը, տեղական օրենսդրությունը թույլ չի տալիս նման գործունեություն ծավալել այն թաղամասում, որտեղ գտնվում է տունը։
Տան սեփականատերը նաև ավելի վաղ հայտնել էր, որ հոգնել է սերիալի երկրպագուների մշտական այցելություններից, մասնավորապես՝ այն ժամանակ, երբ փորձել է պաշտպանել իր հիվանդ ծնողներին անցանկալի այցելուներից։
