Ղազախստանցի հայտնի սթենդափեր Նուրլան Սաբուրովին կես դարով արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Որոշումն ընդունվել է 2026 թվականի հունվարի 30-ին, սակայն հանրայնացվել է փետրվարի 6-ին։ Ինչո՞ւ է աստղը հայտնվել «սև ցուցակում»։
Փետրվարի 6-ին իրավապահ մարմինները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Ղազախստանի քաղաքացի Նուրլան Սաբուրովի մուտքը Ռուսաստան փակ է 50 տարով։ Պաշտոնական ձևակերպման համաձայն՝ որոշումն ընդունվել է «ի շահ երկրի ազգային անվտանգության, օրենսդրության պահպանման և ավանդական հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության»։
Բացի գաղափարական պատճառներից, իրավապահները ներկայացրել են նաև ֆինանսական բնույթի մեղադրանքներ.
-
Հարկային խնդիրներ. Սաբուրովը Ռուսաստանում եկամուտ է ստացել՝ անտեսելով միգրացիոն նորմերն ու հարկերը։ Միայն 2024-ին նա հայտարարագրել է ավելի քան 50 մլն ռուբլի։
-
Փողերի լվացում. Կասկածներ կան, որ նա փորձել է օրինականացնել վաստակած գումարները օրինազանց միջնորդների միջոցով։
-
Գույք և բիզնես. Սաբուրովը Ռուսաստանում ունի ավելի քան 60 մլն ռուբլու գույք և կինոարտադրությամբ զբաղվող ընկերություն (հիմնված 2025-ին)։
Կատակերգուն մուտքի արգելքի մասին իմացել է օդանավակայանում սահմանային հսկողության ժամանակ։ Ըստ «Mash» տելեգրամյան ալիքի՝ նա մնացել է օդանավակայանում և չի կարողանում վերադառնալ Դուբայ՝ տոմսի գումար չունենալու պատճառով։
Սաբուրովի խնդիրները սկսվել էին դեռ 2025-ի մայիսին, երբ նրան բերման էին ենթարկել «Շերեմետևո» օդանավակայանում՝ միգրացիոն օրենսդրության խախտման (Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը գերազանցելու) համար։
Այնուամենայնիվ, ամենաաղմկահարույցը 2022-ի սկանդալն էր։ Այն ժամանակ Քսենիա Սոբչակը հրապարակավ արձագանքել էր Սաբուրովի կոպիտ կատակին իր հասցեին։ Սոբչակը մեղադրել էր արտիստին երկակի ստանդարտների մեջ՝ նշելով, որ նա «խիզախ է» միայն կանանց վիրավորելիս, իսկ երբ հարցը վերաբերում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ դիրքորոշմանը, արդարանում է «հիփոթեքով և ընտանիքով»։
Նուրլան Սաբուրովը հետխորհրդային տարածքի ամենաճանաչված կատակերգուներից է։ Նա մեծ համբավ ձեռք բերեց «Stand Up» նախագծի և հատկապես YouTube-յան «Что было дальше?» (Ի՞նչ եղավ հետո) շոուի շնորհիվ։ 2020-ին «Forbes»-ը նրան ներառել էր ամենահեռանկարային երիտասարդների վարկանիշում։
Այժմ արտիստի կարիերան Ռուսաստանում դադարեցված է 50 տարով։ Սա նշանակում է, որ նա այլևս չի կարողանա համերգներ ունենալ, նկարահանվել կամ անձամբ կառավարել իր բիզնեսը ՌԴ տարածքում։