Հայկական բարեգործական կազմակերպությունները դիմել են Վենսին՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակմանն աջակցելու համար

Տասից ավելի հայկական բարեգործական և մարդասիրական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Հայաստան այցի նախաշեմին կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանում պահվող հայերի ճակատագրին։

Դիմումում ընդգծվում է, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից ավելի քան երկու տարի անց, չնայած քաղաքացիական բնակչության անվտանգ և անարգել դուրսբերման վերաբերյալ հրապարակային երաշխիքներին՝ Բաքվում դեռևս ազատազրկման վայրերում են գտնվում հայկական ծագում ունեցող 19 անձինք։ Նամակի հեղինակների կարծիքով՝ նրանց երկարատև կալանքը շարունակում է լուրջ մարդասիրական մարտահրավեր և զգայուն հարց մնալ հայ հասարակության համար թե’ Հայաստանում, թե’ Սփյուռքում՝ ներառյալ Միացյալ Նահանգները։

Հասարակական կազմակերպություններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ազատազրկված անձանց ընտանիքների և միջազգային մարդասիրական կառույցների հասանելիությունը կալանավորված անձանց առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ անկախ տեղեկատվությանը խիստ սահմանափակ է։ Երկարատև մեկուսացումն ու հարազատների հետ կանոնավոր շփման բացակայությունը, ինչպես նշվում է նամակում, օբյեկտիվորեն մեծացնում են մարդասիրական ռիսկերը, առավել մեծ միջազգային ուշադրություն են պահանջում։

Դիմումի հեղինակները շեշտում են, որ միջազգային պրակտիկայում նման իրավիճակները նախևառաջ դիտարկվում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների շրջանակում՝ անկախ քաղաքական կամ հետկոնֆլիկտային համատեքստից։ Առանձին ուշադրություն է դարձվում այն փաստին, որ բավարար թափանցիկության և արդար դատաքննության միջազգային ճանաչում ունեցող երաշխիքների բացակայությունը մեծացնում է պահվող անձանց ճակատագրի շուրջ մտահոգությունը։

«Կայուն խաղաղությունն անհնար է առանց հետևողական մարդասիրական քայլերի։ Պահվող անձանց խնդրի առկայությունը հակամարտության չավարտվածության զգացում է ստեղծում և խաթարում հասարակական վստահությունը իրական և երկարաժամկետ խաղաղ կարգավորման հնարավորության նկատմամբ»,- ասվում է նամակում։

Հասարակական կազմակերպությունները հիշեցրել են ԱՄՆ-ի՝ մարդասիրական հարցերում բազմիցս հաստատված սկզբունքային ևվճռական դերակատարմամբ հանդես գալու կարողության մասին՝ ներառյալ զինված եւ հետկոնֆլիկտային ճգնաժամերի պայմաններում պահվող անձանց ազատմանն աջակցելը։

Նշվում է, որ նման քայլը կընդունվի ոչ թե որպես քաղաքական ժեստ, այլ որպես երկարաժամկետ կայունությանն ուղղված ներդրում և պատրաստակամության ազդակ՝ առաջ շարժվելու առանց չլուծված մարդասիրական խնդիրների։ «Հասարակական կազմակերպությունների համար մարդասիրական հարցերը սկսվում են ոչ թե քաղաքականությունից, այլ մարդկային կյանքից եւ արժանապատվությունից։ Մենք համոզված ենք, որ հենց մարդասիրական քայլերն են ստեղծում իրական խաղաղության եւ վստահության հիմքը», – նշվում է դիմումում։

Նամակը ստորագրվել է Հայաստանի մի շարք առաջատար հասարակական և մարդասիրական հիմնադրամների կազմակերպությունների կողմից և ուղարկվել ԱՄՆ փոխնախագահի վարչակազմին՝ որպես բաց մարդասիրական դիմում։Այն ստորագրել են Հայ սոցիալական աշխատողների ասոցիացիան, Բելգիայի հայ բժիշկների ասոցիացիան, «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը, «Ազնավուր» հիմնադրամը, Տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը (DAR), Հայ պատանդների ազատության համար նախաձեռնությունը (Free Armenian Hostages), «Շտապենք բարիքի համար» հիմնադրամը, «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամը, «Վիվա» բարեգործական հիմնադրամը, «Կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, «301. Իմաստության երկիր» հիմնադրամը, «4090» բարեգործական հիմնադրամը։

Leave a Comment