ԱՆ. Բժիշկների աշխատավարձի կրճատման նախագիծ չի շրջանառվում

ԱՆ. Բժիշկների աշխատավարձի կրճատման նախագիծ չի շրջանառվում

6 փետրվարի 2026 – 18:17 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ չի շրջանառվում՝ հերքելով տարածվող լուրը:

Նշվում է, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ:

«Տելեգրամյան «armgeopolitic» ալիքում հրապարակված լուրը, թե առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը:

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը: Հավանաբար, սա է դարձել տելեգրամյան ալիքում շրջանառվող լուրի համար շահարկման առիթ:

Ինչ վերաբերում է բուժկենտրոնների սեփականատերերի կողմից աշխատավարձի հաշվարկին, ապա աշխատավարձը տրվում է` համաձայն գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրի:

ԱՆ ենթակայությամբ գործող բուժկենտրոններում, որը կազմում է ընդհանուր բուժկենտրոնների ընդգրկվածության 60 տոկոսը, աշխատավարձի կրճատում չի եղել»,-ասվում է հայտարարության մեջ:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։

Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։

Leave a Comment