6 փետրվարի 2026 – 14:37 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ինչպես Բաքվի դատարանի որոշումները, այնպես էլ այնտեղ պահվող հայերի խնդիրը ունի հստակ քաղաքական ելք։
«Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք։
Դրա արդյունավետությունը կախված է՝ խնդրի ներհայկական օրակարգում տեղ գտնելուց մինչև միջազգային դերակատարների ու կառույցների հետ տարվող աշխատանք։
Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության։
Բայց կրկնում եմ՝ ելքը քաղաքական է, և լուծումների հետևից պետք է գնալ քաղաքական հարթությունում», – նշել է նա։
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։