Լեգենդար «Սան Սիրոն» պատրաստվում է հրաժեշտ տալ «մեծ բեմին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Լեգենդար «Սան Սիրոն» պատրաստվում է հրաժեշտ տալ «մեծ բեմին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Միլանի Սան Սիրոն՝ աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկը, շուտով կդառնա անցյալ։ 99-ամյա արենան, որը տասնամյակներ շարունակ եղել է տուն «Ինտեր» և «Միլան» ֆուտբոլային ակումբների և երկրպագուների համար, մեծ հավանականությամբ, վերջին անգամ  կհայտնվի համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Մարզադաշտը այսօր կընդունի Միլան-Կորտինա ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

«Ինտերը» և «Միլանը» նոյեմբերին «Սան Սիրոն» և հարակից տարածքը գնել են քաղաքապետարանից և արդեն պլանավորել են նոր, ժամանակակից մարզադաշտ կառուցել դրա տեղում։ Հավանաբար, շուտով կսկսվեն մարզադաշտի քանդման աշխատանքները։ 

Այն պետք է պատրաստ լինի մինչև 2032 թվականի Եվրոպայի առաջնությունը, քանի որ Իտալիան Թուրքիայի հետ համատեղ կհյուրընկալի այն։

Ինչու՞ է Սան Սիրոն այդքան առանձնահատուկ

Մարզադաշտն ի սկզբանե անվանվել է Միլանի այն Սան Սիրո շրջանի անունով, որտեղ այն գտնվում է։ Սակայն 1980 թվականին, լեգենդար միլանցի ֆուտբոլիստի մահից մի քանի ամիս անց, անվանումը պաշտոնապես փոխվել է «Ջուզեպպե Մեացա»։

Պաշտոնապես այն կոչվում է Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ՝ ի պատիվ Իտալիայի երկակի աշխարհի չեմպիոն, «Ինտերի» և «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստի։ Սակայն շատերը շարունակում են այն անվանել պարզապես «Սան Սիրո» կամ «ֆուտբոլի Լա Սկալա»՝ համեմատելով Միլանի հայտնի օպերային թատրոնի հետ։

Մարզադաշտը կառուցվել է ընդամենը 13 ամսում (1925-1926) և սկզբում տեղավորել է 35 հազար հանդիսական։ Տասնամյակների ընթացքում այն մի քանի անգամ ընդլայնվել է՝ հասնելով գրեթե 80-85 հազարի։ 1990-ի աշխարհի առաջնությունից առաջ կատարված վերջին մեծ վերակառուցումը նրան տվել է իր ճանաչելի տեսքը՝ հայտնի կլոր աշտարակներով:

Ոչ միայն ֆուտբոլային

Սան Սիրոն եղել է ոչ միայն ֆուտբոլի, այլև՝ համերգների տուն։ Այստեղ հանդես են եկել Բոբ Մարլին, Մայքլ Ջեքսոնը, Մադոննան, Ռոլինգ Սթոունզը, Բրյուս Սփրինգսթինը և Վասկո Ռոսսին։ Այստեղ անցկացվել են բռնցքամարտեր, ռեգբիի խաղեր, Իտալիայի հավաքականի հանդիպումներ, 1934 և 1990 թվականների աշխարհի առաջնությունների խաղերը, 1980-ի Եվրոպայի առաջնության հանդիպումները։

Հիմա Սան Սիրոն պատրաստվում է վերջին մեծ ելույթին՝ օլիմպիական բացման արարողությանը (որտեղ տեղերը կկրճատվեն մինչև 60 հազար)։ Դրանից հետո սկսվելու է նրա քանդման գործընթացը՝ տեղը զիջելով նոր սերնդի մարզադաշտին։

Leave a Comment