Ղազարյան. Ցմահ ազատազրկման ակտերի նպատակն է հերքել Արցախի անկախությունն ու դրա իրավական հիմքերը

Ղազարյան. Ցմահ ազատազրկման ակտերի նպատակն է հերքել Արցախի անկախությունն ու դրա իրավական հիմքերը

6 փետրվարի 2026 – 12:35 AMT

PanARMENIAN.Net – Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով Բաքվի դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված ցմահ ազատազրկման որոշումներին, ասել է, որ այդ գործընթացը բացառապես քաղաքական բնույթ է ունեցել՝ ուղղված Արցախի անկախության թե՛ փաստացի, թե՛ իրավական հիմքերի ժխտմանը, հայտնում է «Փաստինֆոն»:

«Դատավարությամբ փորձել են հերքել, որ այնտեղ եղել է անկախության ձգտում և անկախության պայքար, այլ ընդհակառակը՝ ներկայացնել, որ եղել է Ադրբեջանի օկուպացիայի նպատակ։ Այդ դեպքում ամբողջ ռազմական գործողությունները, 1992 թվականից սկսած, ինքնապաշտպանությունից անցնում են հարձակվողականի, ըստ էության՝ արդարացի անկախության համար պայքարից պատերազմը ներկայացվում է որպես նվաճողական, ագրեսիվ պատերազմ, որը անօրինական է։ Այս դատավարության նպատակը դա է։ Երբ ես լսում եմ, թե վկաներն իրենց սովորեցրած տեքստերում ինչ են խոսում, միանգամայն հասկանալի է, որ դրա նպատակն է հերքել Արցախի անկախությունը և հաստատել, որ եղել է Հայաստանի կողմից ծրագրված նվաճողական պատերազմ ընդդեմ Ադրբեջանի»։

Հարցին, թե արդյոք այս դատավարության նյութերը կարող են ապագայում օգտագործվել Հայաստանի դեմ միջազգային ատյաններում, իրավաբանը վստահեցրել է, որ նման վտանգ չի տեսնում։

«Իրենք կարող են ազգային դատարանում գործընթացը վերահսկել, կեղծել փաստերը, թույլ չտալ մեղադրյալներին ունենալ իրենց ընտրած փաստաբաններին և այլն, սակայն միջազգային ատյանում ամեն ինչ իրենց վերահսկողությունից դուրս կգա։ Այնտեղ հակառակ պատկերը կստացվի՝ ոչ թե Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա, այլ Ադրբեջանն է հարձակվել Արցախի ժողովրդի վրա, որոնք ապրում էին իրենց հայրենիքում։ Այսինքն՝ Ադրբեջանը հենց այդ պատճառով է, որ մինչև հիմա միջազգային ատյաններ չի դիմել, իսկ եթե դիմել է, ապա միայն Հայաստանի դիմումներից հետո՝ որպես պատասխան քայլ, որպեսզի զուտ հայելանման էֆեկտ ստեղծի։ Սակայն միայնակ գնալ որևէ միջազգային ատյան և հայտարարել, թե Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, հազիվ թե համարձակվի, քանի որ այնտեղ արդեն բոլորովին այլ դատավարություն է լինելու, և Ադրբեջանի իրական ծրագրերը կբացահայտվեն։ Դրա համար էլ չեմ կարծում, որ Ադրբեջանը այդ քայլին դիմի»,-ասել է նա:

Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե հնարավոր է արդյոք հետագայում դատապարտյալների վերադարձը՝ նշելով, որ նման զարգացում տեսականորեն հնարավոր է։

«Երկրները միշտ էլ համագործակցում են, փոխանակում են դատապարտյալների կամ հանձնում են դատապարտյալին, որպեսզի նա պատիժը կրի իր հայրենիքում։ Հայաստանը և Ադրբեջանը նման կոնվենցիա են վավերացրել Եվրոպայի խորհրդի շրջանակներում։ Ի վերջո, Ռամիլ Սաֆարովի հանձնումը նույնպես այդ մեխանիզմով է իրականացվել, թեև ես զուգահեռ չեմ անցկացնում։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա պետք է լինի քաղաքական որոշման արդյունք։ Մոտ ապագայում ես չեմ տեսնում բոլորի վերաբերյալ նման որոշում, սակայն հնարավոր է, որ նման քայլ կատարվի»,– ասել է Ղազարյանը։

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment