Արման Սարոյանը դատարանին միջնորդել էր հետաձգել նիստը՝ իբրև թե չի ստացել միջնորդությունը և ծանոթ չէ, 30 րոպե ընդմիջում վերցրեցինք և դատարանին ներկայացրեցինք փոտսային անդորրագիրը, ինչպես նաև Հայփոստի պաշտոնական կայքից այդ անդորրագրի նույնականացման համարով տեղեկատվությունը, որից երևում է, որ փետրվարի 4-ին նա այդ փաթեթը ստացել է, Aysor.am-ի փոխացմամբ՝ ասել է փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Արման Սարոյանի գործողություններով խոչընդոտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը. «Կոնկրետ մեծ դժվարություններ են առաջացել Մասյացոտնի թեմում, դժվարություններ կան բանկային համակարգում։ Հարկադիր կատարողը բացահայտ օրենքի խախտումներ է թույլ տալիս, իրեն վերագրել է լիազորություններ, որը չունի։ Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը և լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի բանկում գործարքներ կատարի։ Նման ապօրինության հետ ինքս չեմ բախվել»։
Նրա խոսքով՝ գալու է ժամանակը, որ այս պաշտոնատար անձինք կանգնելու են օրենքի և դատարանի առջև։
Նշենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը քիչ առաջ որոշում է կայացրել հետաձգել Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Մայր Աթոռի գործով դատական նիստը։
Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին` 11:00-ին։