Օտարերկրացիները ՀՀ-ում հաշվառված մեքենայով խախտումների որոշումները կստանան սահմանին

Օտարերկրացիները ՀՀ-ում հաշվառված մեքենայով խախտումների որոշումները կստանան սահմանին

6 փետրվարի 2026 – 12:05 AMT

PanARMENIAN.NetՕտարերկրացիները, որոնք ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցով կատարել են տեխնիկական միջոցներով գրանցված ճանապարհային խախտումներ, վարչական տույժի մասին որոշումը կստանան ՀՀ սահմանային անցակետում՝ մուտքի կամ ելքի պահին, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

«Օտարերկրացու տվյալները ներբեռնվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից՝ անձնագրային տվյալներով հարցում կատարելու միջոցով, ուստի տրանսպորտային միջոցներն օտարերկրացիներին հանձնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հորդորում ենք խախտումները նրանց կողմից կատարված լինելու վերաբերյալ վարչական մարմին ներկայացվող նյութերին կցել նաև այն փաստաթղթի պատճենը, որով իրականացվել է սահմանահատումը։

Հակառակ պարագայում՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ կատարված հարցմանը պատասխան չստանալու դեպքում խախտումն օտարերկրացու կողմից կատարված լինելու փաստն ապացուցված չի համարվի, և պատասխանատվությունը կկրի տրանսպորտային միջոցի սեփականատերը (իրավաբանական անձի ղեկավարը)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ազգային ժողովը լրացում է ընդունել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում:

Leave a Comment