Տեղի է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Կարեն Նազարյանի, ԵՄ ընդլայնման և հարևանության վարչության ներդրումային թիմի ղեկավար Մատտեո Ռիվելինիի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հանրային հատվածի ծրագրերի տարեկան քննարկումը, որին մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ գերատեսչությունները և ԵՆԲ-ի ներկայացուցիչները: Օրակարգն ընդգրկում էր Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ՝ տրանսպորտային ենթակառուցվածքներից մինչև էներգաարդյունավետություն և ջրային տնտեսություն: Հանդիպման արդյունքում արձանագրվել է ԵՆԲ-ի համագործակցությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում գրանցած առաջընթացը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2026 թվականի համար նախատեսված թիրախների ժամանակին իրականացմանը: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման շրջանակներում հայկական կողմն արտահայտել է Հայաստանում իրականացվող ծրագրերում ԵՆԲ-ի՝ որպես Եվրամիության առաջատար և «կանաչ» բանկի լիարժեք ներգրավվածությունը տեսնելու իր ցանկությունն ու հստակ ակնկալիքը: Հայկական կողմը հավելել է նաև, որ դա նշանակալիորեն կլրացնի տեղական ու տարածաշրջանային կապակցվածության և ենթակառուցվածքային այլ նախագծերում ԵՄ լավագույն չափանիշների ներդրմանն ուղղված ՀՀ ջանքերը՝ ի նպաստ երկարաժամկետ ազդեցության ոլորտներում կայուն զարգացման և դիմակայունության:

Քննարկման ավարտին կողմերը ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով ստորագրել են Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագիր, ինչը ԵՆԲ-ի հետ 2025 թվականի հուլիսի 16-ին կնքված «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական պայմանագրի իրագործման կարևոր բաղադրիչներից է։

Leave a Comment