Եվրոպական Միության կրոնական կառույցների և պետությունների հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Փետրվար 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է այցելել Եվրոպական Միության կրոնական կառույցների եւ պետությունների հարաբերությունների հարցերի պատասխանատու դոկտոր Կոստանդինոս Ալեքսանտրիսը՝ Լիբանանում Հունաստանի դեսպան Տեսփինա Քուքուլոփուլուի ուղեկցությամբ, տեղեկանում ենք Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Դոկտոր Ալեքսանտրիսը Լիբանանում է իր պաշտոնին առնչվող հատուկ առաքելությամբ՝ Մերձավոր Արևելքի այլ երկրներ կատարած այցելությունների շրջանակում։

«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով իր հյուրի բարձրացրած մի շարք հարցերին, ներկայացրեց իր տեսակետները՝ մասնավորապես ժամանակակից հասարակության կյանքում կրոնի դերի, կրոն–քաղաքականություն հարաբերությունների և կրոնների միջև համագործակցության տարբեր կողմերի վերաբերյալ։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ անհրաժեշտ է խուսափել ընդհանրացումներից և հարցերը քննել տվյալ հասարակության կյանքի համատեքստում՝ հաշվի առնելով կրոնի, պետության և հասարակության դիրքավորումն ու առանձնահատկությունները։

Բրյուսելում կենտրոնակայան ունեցող դոկտոր Կոստանդինոս Ալեքսանտրիսը առաջարկեց շարունակել խորհրդակցությունն ու համագործակցությունը Վեհափառ Հայրապետի հետ վերոնշյալ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment