Թե՛ երեկ, թե՛ այսօր տեղի ունեցան խայտառակ իրադարձություններ, ու դժվար է անգամ ասելը, թե որն էր ավելի մեծ խայտառակություն։ Նիկոլն ու Ալիևը մրցանակ էին ստանում մարդկային եղբայրության, խաղաղության համար: Գիտեք և՛ ներսից է դա խայտառակություն, և՛ դրսից։ Երկիրը լցված է քաղբանտարկյալներով, քաղհալածյալներով, հասարակությունը պառակտված, ատելության գերադրական աստիճան է երկրում, ազգային բարերարը կալանքի տակ է, եկեղեցին հալածվում է քաղաքականապես և քրեական հոդվածներով, սոցիալական ու հասարակական մի շերտ չկա, որին իշխանությունը վատություն արած չլինի, հանցավորությունը քրքրում է երկիրը, ու այդ ամենի ստողծողը արժանանում է խաղաղության մրցանակի։ Ցանկացած մեկը, որը խաղաղ չէ իր քաղաքացիների հետ, իր երկրի ներսում, նա խաղաղության մրցանակի անգամ փոքր արժանիք անգամ չի կարող ունենալ։
Փետրվարի 4-ին Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում հանդիպեցին․ ողջունեցին խաղաղության «օգուտները»՝ հասարակության անունից, ողջունեցին քաղաքացիական հասարակություն կոչված մի քանի հոգու փոխադարձ այցելությունները, խոսեցին վստահության ամրապնդման մասին։ Այնուհետև ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։
Այսօր Ալիևը ցմահ դատապարտման ենթարկեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախպագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին: Արցախի նախագահներ Արկադի ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարվա, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման։ Սա՝ մրցանակ ստանալուց մեկ օր անց, փոխվստահությունից, խաղաղությունից, կայունությունից խոսելուց մեկ օր անց, եղբայրության համար մրցանակ ստանալուց անմիջապես հետո։ Ալիևը հլը Բաքու չի վերադարձել։ Նույն Աբու Դաբիում այսօր բանակցում էին պատերազմող Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ու համաձանություն կայացրին 314 գերի վերադարձնելու շուրջ, մեզ մոտ՝ իբր խաղաղության պայմաններում, գերիներին ցմահ դատեցին։ Սա ոչ միայն այդ մրցանակի, այլև այդ խաղաղություն կոչվածի թշվառության մասին է։ Ու ինչքան էլ ուզեք, չեք կարող իրար չկապել գերիներն ու հայ-ադրբեջանական գործընթացը։ Գերիներով խաղաղություն չի լինում, ոչ մի երկրում չի եղել, Հայաստանում էլ չի լինելու։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա դատավճիռ կոչված ֆարսի մեջ ամենամեծ պատասխանատվությունը, անգամ՝ Ալիևից առաջ, Հայաստանի ղեկավարությանն է։ Ալիևը թշնամի է, նրանից սպասելի է ամեն ինչ, նրան հնարավորություն տրվեր՝ դա կաներ 1991 թվականից ի վեր ամեն օր։ Ալիևը թշնամի է, բա ՔՊ-ական ղեկավարությո՞ւնը ինչ է։
Այն պահին, երբ ստանձնեց Հայաստանում իշխանություն, այդ պահից պատասխանատվություն էր կրում, որ բանակցությունները շարունակվեն ուժի չկիրառման, Արցախի ինքնորոշման ճանաչման շրջանակներում։ Պատերազմի ընթացքում պատասխանատվություն էր կրում, որ ապահովվի մեր հաղթանակը։ Էն որ Արարատ Միրզոյանն ասում էր՝ «սա մեր գերագույն հրամանատարն է, չշշկռեք», նա պատասխանատվություն էր կրում գերագույն հրամանատարի դիրքերից, որ թշնամին չշշկռեր։ Պատերազմից հետո նա պատասխանատվություն էր կրում իրավիճակի կայունանալու, արցախցիների վերադարձի, պատերազմի հետևանքներրը մեղմելու համար, պատերազմից հետո՝ Արցախին մնացած տարածքների վրա խաղաղության, կայունության համար ու կորցրածից ինչ հնարավոր էր՝ հետ բերելու։ Խորհրդարանական ընտրություններից հետո պատասխանատվություն էր կրում Արցախի բուն տարածքների վերադարձի համար։ 2018 թվականի մայիսի 8-ից Հայաստանի նոր կառավարությունը, որպես Արցախից, արցախցիների անվտանգության երաշխավոր, պատասխանատվություն էր կրում։ 2021 թվականին նա խոսում էր ոչ միայն արցախցիների իրավունքների մասին, այև Արցախի միջազգայնորեն ճանաչման հրամայականի մասին, փաստացի՝ ԼՂԻմ տարածքի միջազգային ճանաչման մասին։ Նա կատարյալ ձախողել է այդ ամենը, բերել է պատերազմ, բերել է զոհեր, հանձնել է Արցախը, հանձնել է տարածքներ Հայաստանից, փախստականներ է տվել 150 հազար, ու գնում է այս ամենի համար մրցանակ ստանալու, ասում՝ անհավատալի է։ Այո, իրոք անհավատալի է․ մարդ, որը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասաց՝ կարող էր այս ամենը տեղի չունենալ կամ տեղի ունենար առանց զոհերի, անհավատալի է, որ այդքան մնաց ու հասավ Աբու Դաբի։
Բաքվում այսօր դատապարտված անձինք այնտեղ են Հայաստանին իշխանության մեղքով, նրանք այսօր պետք է ապրեին Արցախի Հանարպետությունում, գործող և նախկին նախագահների համար բոլոր սոցիալական երաշխիքներով, հարգանքով, իրենց տներում․ բայց հիմա նրանց տները քանդված են, ընտանիքի անդամները փախստական, իրենք էլ՝ Բաքվի բանտերում ցմահ կալանավոր։ Մեր անգամ ամենավատ երազներում պատկերացնում էինք, որ վատագույնը կարող է լինել ազատագրված 7 շրջաններից 5-ի հանձնումը Ադրբեջանին՝ Արցախի կարգավիճակի դիմաց։ Այդքան բան, բայց Նիկոլը, որը պատգամավոր եղած ժամանակ անգամ այդ 5 շրջանների հանձնմանն էր դեմ, հանձնեց ամեն ինչ։ Այդ խայտառակությունը սրանց դիվանագիտության արդյունքն է, Միրզոյան Արարատի, Մնացականյան Զոհրաբի պատասխանատվության տակ է։
Նիկոլը մրցանակ ստացավ տառապանքներ բերելու, երկիր հանձնելու, Արցախ հանձնելու համար։ Շուշիում տռճիկ էր տալիս, բայց մրցանակ ստացավ Շուշին հանձնելու համար։ Մյուս մրցանակը, վախենամ, ստանա թուրքական եղբայրության համար, Հայաստանը մահվան դատապարտելու համար։ Շարունակեք խոսել փոխվստահությունից, կռանալ ու շնորհակալություն հայտնել Ալիևին, ուրախանալ իր տարածքով կեր բերելու համար։
Նիկոլն ասում է՝ անհավատալի է, անահավանական է, խաղաղություն է, հակամարտության էջը փակ է․ իմացած լինի, որ ոչ մի էջ էլ փակ չէ։ Շատ կուզենայի հավատալ, բայց ախար չի ստացվում։ Նայում եմ դեմքերին, մի կողմից ՀՀ թիվ մեկ սուտասանն է, մյուս կողմից՝ իրեն «հարբած ծաղրածու» անվանած ու հայի գլուխը կացնով կտրողին հերոս սարքող Ալիևը։ Նույն Ալիևը, որը հենց հիմա իր աշխատակազմի միջոցներով պահում է Հայաստանի տարածքին վերաբերող «Արևմտյան Ադրբեջան» պրոեկտը։ Նույն Ալիևը, որ այսօր մեր ժողովրդի զավակներին ցմահ տառապանքների դատեց։ Նույն Ալիևը, որը ռազմական բյուջե է ավելացնում այդ «խաղաղության» մեջ։ Ու՞մ դեմ է ավելացնում ռազմական բյուջեն։
Կարճ ասած՝ Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարողարշավը պաշտոնապես բացվեց Աբու Դաբիում․ ընտրեք Նիկոլին, ամեն ինչ լավ կլինի։ Դրա կոչը անում է Հայաստանի թշնամին։ Ի դեպ, արցախցիներին էլ 20 թվականի պատերազմից հետո անգամ կուտ էին տալիս, թե վստահ եղեք, հանգիստ նստեք տեղներդ՝ լավ կլինի, ու տեսանք ինչ եղավ։
Մեզ լուրջ մարդ պետք է ներկայացնի, լուրջ մարդ մեր կողմից բանակցի, ոչ թե թշնամու «նախընտրական նվերների» հույսին մնացածը։ Սա, որ պատերազմը պրավալ տվեց, չնայած հակառակն էր ասում, «հաղթում ենք»-ը դեռ գլուխներիցս դուրս չի գալիս, հիմա էլ նույն մարդը ասում է՝ խաղաղություն, իսկ ո՞րն է երաշխիքը, որ դա էլ պրավալ չի տալու։ «Նոր ատերազմ՝ նոր տարածքներ» թեզը իրենցը չէ՞ր։ Նա ամեն ինչ պրավալ է տալիս, իչ խոսում՝ հակառակն է անում և՝ հօգուտ Ադրբեջանի։
Սևակ Հակոբյան