«Գյումրու երիտասարդական թատերախմբի» նախորդ տարվա ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, նոր զարգացումների ու մարտահրավերների մասին են խոսում թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Արշալույսյանը և դերասաններ Անահիտ Ղազարյանն ու Փառանձեմ Սահակյանը։ Արդիական հարցադրմանը, թե ի՞նչ «լեզվով» է հաղորդակցվում ժամանակակից թատրոնը՝ Գյումրու պահանջկոտ հանդիսատեսից մինչև միջազգային հարթակներ, Արմեն Արշալույսյանը պատասխանում է, որ թատրոնն իր համար մշտապես մեռնող ու հարություն առնող արվեստ է։ Ըստ ռեժիսորի՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ տեխնոլոգիական առաջընթացից, թատրոնը միշտ գտնում է նորովի հանդես գալու ձևը՝ իր մեջ ներառելով համաշխարհային նորագույն միտումները։
Դերասանուհի Անահիտ Ղազարյանն ընդգծում է, որ հանդիսատեսի համար մշտապես կարևոր է մնում կենդանի խոսքը։ Միևնույն ժամանակ, «Վայրի երեխան» ներկայացման վիդեո-արտի հեղինակ Փառանձեմ Սահակյանը նկատում է, որ հանդիսատեսը ցանկանում է տեսնել այն, ինչն իրեն հոգեհարազատ է՝ անկախ բնակության վայրից։ Նրա խոսքով՝ մարտահրավերները նույնն են ամենուր, ուստի պետք է կողմնորոշվել ոչ թե լոկ տեղի, այլ համաշխարհային հանդիսատեսի պահանջներով։ Արվեստագետը շեշտում է, որ փոխվել են գործիքները, և հարկավոր է քայլել ժամանակին համահունչ՝ նոր գործիքներով խոսելով արվեստի լեզվով, այլ ոչ թե ինքնանպատակ նորարարություն անել։
Այս մոտեցման վառ օրինակը բելգիացի հեղինակի «Վայրի երեխան» պիեսի բեմադրությունն է, որտեղ արծարծվող խնդիրն արդիական է թե՛ Բելգիայում, թե՛ Հայաստանում։ Ներկայացման մեջ կիրառված վիդեո-արտը և ժամանակակից լուծումները թույլ են տվել թատերախմբին հաջողությամբ ներկայանալ նաև միջազգային փառատոններում։