Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը


Քաղաքականություն


Այսօր Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով: Հանդիպումից մանրամասներ է հայտնել ՀՀ կառավարությունը։ 

«Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:

Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

 Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով»,- նշված է կառվարության հաղորդագրության մեջ։ 


Leave a Comment