Վարդան Ղուկասյանի (Դոգ) փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքն է ղեկավարում կուսակցության նախընտրական շտաբը: Նաեւ դադարեցված են ԴՕԿ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանի բոլոր լիազորությունները՝ ԴՕԿ կուսակցության և ԴՕԿ դաշինքի նախընտրական շտաբի գործունեության շրջանակներում։
Հրապարակ թերթը գրել է․ Հայտարարության մեջ ասվում է՝ «Արգելվում է վերջինիս՝ համապետական ընտրություններով պայմանավորված որևէ լիազորության իրականացումը, ինչպես նաև ԴՕԿ կուսակցության անունից որևէ դիրքորոշում, հայտարարություն, հաղորդակցություն կամ ներկայացուցչություն իրականացնելը՝ կուսակցության ներսում, կուսակցությունից դուրս, հանրային հարթակներում, մեդիա դաշտում, քաղաքական գործընթացներում, ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած թեմայով։
Սույն պահից սկսած՝ Անի Խուդավերդյանը չի հանդիսանում ԴՕԿ կուսակցության կամ ԴՕԿ դաշինքի որևէ գործընթացի լիազորված սուբյեկտ՝ ընտրական գործընթացների համատեքստում»։
Լ. Բաղդասարյանն ընդգծել է՝ «բազմիցս հայտարարել եմ և վերահաստատում եմ՝ առանց օրենքի դիկտատուրայի հնարավոր չէ ունենալ արժանապատիվ պետություն, արժանապատիվ իշխանություն և արժանապատիվ քաղաքացի։
Իրավական պետությունը սկսվում է ինքնակարգապահությունից, ոչ թե հայտարարություններից։ Եվ այդ սկզբունքը յուրաքանչյուր ոք պարտավոր է սկսել իրենից։ Միևնույն ժամանակ արձանագրում եմ՝ շնորհակալ եմ Անի Խուդավերդյանին՝ ցուցաբերած աջակցության և համագործակցության համար»։
Անի Խուդավերդյանին հարցրեցինք` ինչո՞ւ է նման որոշում կայացվել և ինչո՞վ է նա զբաղվում այժմ:
– Ամեն ինչ նորմալ է, ոչ ոք չի կարող ինձ զրկել ինչ-որ մի բանից և փորձ էլ չի անում:
– Բայց Ձեր լիազորությունները դադարեցվել են:
– Մարդիկ թյուրըմբռնում ունեն: Ինքն է որոշում կայացրել, ինքն է հայտարարել: Բաղդասարյանի ասածն այն է, որ ինքն է շտաբի պետը, ինքն է բանակցելու և գործելու, իսկ կուսակցության նախագահը շարունակելու եմ ես մնալ: Ես անգամ համագումար եմ հրավիրում:
– Բայց շատերը` Դոգի թիմից գրառումներ են անում և ասում են, որ Ձեզ չեն ցանկանում տեսնել որպես կուսակցության նախագահ:
– Ովքե՞ր են նրանք` ֆեյքեր են: Ոչ ոք իր դեմքով չէ:
– Ո՞ւմ ֆեյքերն են:
– Ես գիտեմ ու կպատժվեն նրանք:
– Իսկ Դոգը ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին, գուցե նա էլ չի՞ ցանկանում Ձեզ տեսնել որպես կուսկցության նախագահ:
– Եթե նման բան լիներ կխոսեր, եթե նրա բերանից անձամբ չեք լսել, ապա հերյուրանք է:
