
Լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, Եկեղեցում են ստեղծվել հայ ժողովրդի ճակատագիրն ու դիմագիծը պայմանավորող մեծաթիվ երևույթներ:
1. Հայ առաքելական եկեղեցին է ստեղծել հայոց գրերը Սահակ Պարթև կաթողիկոսի օրոք ՀԱՍԵ հոգևորական Մեսրոպ Մաշտոցի կողմից:
2. Եկեղեցին դարերով եղել է հայ կրթության գլխավոր կազմակերպիչը։
3. Հայ եկեղեցական ճարտարապետությունը համաշխարհային արժեք է, Էջմիածնի մայր տաճարն ու շատ վանքեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են։
4. ՀԱՍԵ կողմից ստեղծված Խաչքարերի արվեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն է:
5. Եկեղեցում են ստեղծվել մեծ արժեք ունեցող երաժշտական գործեր, շարականներ, խազային նոտագրությունը: Լեգենդար Կոմիտաս Վարդապետը եղել է հոգևորական:
6. Հայ պատմիչների մեծ մասը հոգևորականներ էին՝ Մովսես Խորենացի, Եղիշե և այլք:
7. Եկեղեցում է ստեղծվել իրավական և բարոյական համակարգը, Մխիթար Գոշը եղել է հոգևորական:
8. Եկեղեցին ստանձնել է Ազգային ինքնության պահպանումը օտար տիրապետության տակ, ցեղասպանությունից հետո իրականացրել է ազգի հավաքում ու վերակազմավորում:
9. Եկեղեցին իրականացրել է Սոցիալական և բարեգործական գործունեություն, հիմնել է որբանոցներ, հիվանդանոցներ, աջակցել է գաղթականներին:
10. Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է եղել Գրիգոր Նարեկացին, ում «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը համաքրիստոնեական արժեք է: 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում:
Շարքը կարելի է շարունակել ու լրացնել: Հայաստանում չկա որևէ այլ կրոնական կազմակերպություն, որը նման դեր ունեցած լինի հայ ժողովրդի կյանքում»: