ԱՄԷ-ն և Ադրբեջանը համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություն են անցկացրել

ԱՄԷ-ի և Ադրբեջանի զինված ուժերը անցկացրել են «Խաղաղության վահան 2026» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ դրանց՝ Աբու Դաբիում անցկացված զորավարժությունները ներառել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ «անօրինական զինված խմբավորումների հայտնաբերումը և չեզոքացումը, առևանգված նավի նկատմամբ վերահսկողության վերականգնումը, ահաբեկչական տարրերի չեզոքացումը և պատանդների ազատումը, վիրավորների տարհանումը, ինչպես նաև անկարգությունների և դիվերսիաների կանխումը»։

Զորավարժություններն անցկացվել են բնակեցված տարածքներում, լեռնային տեղանքում և ծովային միջավայրում։ Երկու երկրների ղեկավարներ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը և Իլհամ Ալիևը հետևել են դրանց ընթացքին։

Փետրվարի 2-ին Ալիևի՝ Աբու Դաբի կատարած այցի ժամանակ, ստորագրվել էր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական համագործակցության մտադրության մասին նամակ։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում տեղի էին ունեցել ԱՄԷ-ի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ։

Leave a Comment