Փաշինյան․ Մոնիտորինգի գործառույթները կարելի է դնել ԱԲ վրա

Փաշինյան․ Մոնիտորինգի գործառույթները կարելի է դնել ԱԲ վրա

3 փետրվարի 2026 – 18:17 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարությունում 2025 թվականի գործունեության ամփոփ հաշվետվության ներկայացման ժամանակ, անդրադառնալով թվայնացման գործընթացին, ընդգծել է, որ այն նախորդիվ համարվել է և շարունակելու է համարվել առաջնահերթություն: Նար խոսքով՝ թվայնացում ասելով պետք է հասկանալ նաև արհեստական բանականության ներդրումը:

«Մոնիտորինգի ամբողջ գործառույթը կարելի է դնել արհեստական բանականության վրա… մոնիտորինգը նշանակում է ուշադրություն տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ, իսկ մարդկային մոնիտորինգը միշտ ինչ-որ բան աչքից բաց է թողնելու:

Մենք կոնկրետ մեր նախագծերի համալիր փորձաքննություններն արհեստական բանականությունով պետք է անենք, որովհետև եթե շինարարության փուլում ենք հասկանում, որ մեր նախագծում պրոբլեմ կա, նշանակում է՝ չենք կարողացել այդ նախագիծը կարդալ կամ կարդացել ենք՝ չենք հասկացել, հակառակ դեպքում հենց նախագծման փուլում կիմանայինք, որ մեր նախագծում պրոբլեմ կա։ Մենք այժմ սուպեր համակարգիչ էլ ունենք, շուտով ավելի մեծ սուպեր համակարգչային կարողություններ էլ ենք ունենալու։ Պետք է այս հնարավորություններից օգտվենք՝ մեր կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար»,– ասել է նա:

Վարչապետի դիտարկմամբ՝ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս այսօր լուծելու բազմաթիվ խնդիրներ:

Նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, որոնց առանցքում եղել են ֆիսկալ կայունության պահպանումը, ոլորտային թվայնացումը և պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը։

Զեկուցվել է նաև գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացի մասին, որն ամբողջությամբ թվայնացված է լինելու և նախատեսված է 10 տարով։

Փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ նոր համակարգը կգործի 2027-ից՝ առանց զուգահեռ թղթային ընթացակարգերի։

Այս կապակցությամբ վարչապետը շեշտել է, որ թվայնացումը պետք է իրականացվի ամբողջական կերպով՝ առանց թղթային կրկնության, քանի որ այդ դեպքում նվազում են գործընթացի թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Քննարկվել են նաև՝ պետական ֆինանսների կառավարման միասնական հարթակի ներդրման գործընթացը, բյուջետային վերահսկողության ինքնաշխատ մեխանիզմների հնարավորությունները, արհեստական բանականության պիլոտային ծրագրի կիրառման հեռանկարները գանձապետական համակարգում։

Ներկայացվել են նաև հարկային քաղաքականության նոր հայեցակարգի ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք միտված են արդար, կայուն և մրցակցային հարկային միջավայրի ձևավորմանը, ներդրումային գրավչության և տնտեսական ակտիվության աճին։

Հովհաննիսյանը հավելել է, որ նախարարությունն անցում է կատարում նպատակահեն կառավարման մոդելի, ներդնելով ՆՀԱ (Նպատակներ և հիմնական արդյունքներ) ու ԿՀՑ (Կատարողականի հիմնական ցուցիչներ) համակարգերը։ Նախատեսվում է նաև նախարարությունը վերածել ուսուցողական կազմակերպության, որի նպատակը կլինի բարձր արդյունավետությամբ ինքնազարգացող ինստիտուտի ձևավորումը։

Leave a Comment