«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում, Armenia Today-ին հայտնել է գործարարի փաստաբան Լիաննա Գասպարյանը։
Գործարարի փաստաբանները հունվարին հայտնել էին, որ քննչական մեկուսարանում նա երկկողմանի թոքաբորբ և ծանր ընթացքով COVID-19 է տարել։ Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողներին ավելի ուշ տեղեկացրել էր, որ Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի։
Գասպարյանը տեղեկացրել է, որ Կարապետյանը պարբերաբար բուժզննման կուրս է անցնում, գտնվում է բուժման փուլում, որն ընթացքի մեջ է:
«Դեռ վերջնական եզրակացություն չունենք՝ թոքաբորբն ու քովիդն անցե՞լ են, թե՛ ոչ։ Վերջնական ախտորոշում չունենք»,- ասաց փաստաբանը։
Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Կարապետյանին տեղափոխել են հիվանդանոց։ Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանն Armenia Today-ին տեղեկացրեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ Կարապետյանն ամբուլատոր բուժննում է անցել, և նա այս պահին հիվանդանոցում չէ։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը, որը դատարանը հունվարի 17-ի նիստին անփոփոխ էր թողել:
