3 փետրվարի 2026 – 15:21 AMT
PanARMENIAN.Net – Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովում ունեցած իր ելույթում ընդգծել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դերն ու պատմական նշանակությունը՝ սկսած քրիստոնեության ընդունումից։
Նա ասել է, որ 2025-ի գարնանից սկսած Հայաստանի կառավարության առաջին դեմքերը պահանջել են Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ ՀԱԵ առաջնորդի հրաժարականը` սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը, հայտնում է Panorama.am-ը:
«301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչը մեր երկիրը դարձրեց առաջին քրիստոնյա ազգը։ Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին պահպանել է մեր ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը։ Դժվարին ժամանակներում, նույնիսկ ինքնիշխանության բացակայության պակմաններում Եկեղեցին մնացել է մեր խարիսխը՝ միավորելով հայերին հայրենիքում և Սփյուռքում։
Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժվարությունների։ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին հաջորդեց ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց տներից։ Դարավոր քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկվել՝ զրկելով քրիստոնյա հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահվում էին սուրբ մասունքներ։
Հենց հիմա քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում է նրանցից առնվազն 19-ը։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը։
Թեև Հայկական եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր Եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի և կառավարության կողմից։
Առաքելական Եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ: Մեր eկեղեցու վեց սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը: Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը և հակասում են իրավական երաշխիքներին։
Անցյալ հունիսին ձերբակալվեց և կալանավորվեց նաև Առաքելական եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին և մասնակցելու է Եկեղեցու պաշտպանությանը՝ մեջբերում եմ՝ «Մեր ձևով»։
Ի պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի նկուղ»։
Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը և առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։
Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ: Մեկ տարի առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց. «Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով»։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։
Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել և ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են և ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում և արտասահմանում։ Շնորհակալություն, Աստված բոլորին պահապան»,-ասել է Վարդևանյանն իր ելույթում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։