Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացումը, Մոսկվայի գնահատմամբ, չի ենթադրում համագործակցության կրճատում ավանդական գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է այն մոտեցումից, որ Երևանի արտաքին քաղաքական բազմակողմ զարգացումը չի նշանակում կողմնորոշման փոփոխություն կամ հրաժարում արդեն ձևավորված դաշնակցային հարաբերություններից։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը բաց և ուղիղ ձևով ներկայացնում է իր գնահատականները Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացներին և իր դիրքորոշումը փոխանցում է հայ գործընկերներին։
ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով՝ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գիտակցում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարած բարենպաստ նախաձեռնությունների հետևում կարող է լինել քաղաքական հաշվարկ։ Նա ընդգծել է, որ տվյալ տարածաշրջանը արևմտյան որոշ կենտրոնների համար դիտարկվում է որպես հնարավոր ազդեցության գոտի։
Լավրովի խոսքով՝ Հարավային Կովկասը, որի հետ Ռուսաստանը ունի պատմական և սերտ կապեր, որոշ ուժերի կողմից ընկալվում է որպես հնարավոր ճնշման գործիք՝ Մոսկվային վնաս հասցնելու նպատակով։
ՌԴ ԱԳՆ-ի տարարծած հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանը շարունակելու է ուշադրությամբ վերաբերվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։