Նախարար․ Տասնամյակի ավարտին ԱԲ մոդուլներ կգործեն ՀՀ դպրոցների 80%-ում

Նախարար․ Տասնամյակի ավարտին ԱԲ մոդուլներ կգործեն ՀՀ դպրոցների 80%-ում

3 փետրվարի 2026 – 11:14 AMT

PanARMENIAN.Net – Մինչև տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ, իսկ կրթական համակարգի շրջանավարտները պետք է դառնան ոչ թե արհեստական բանականության սպառողներ, այլ դրա ստեղծողներ։ Այդ մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է Իսրայելում ընթացող «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որի հիմնական թեման արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթական քաղաքականությունների մշակումն է։

Նախարարը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Հայաստանը ուշադիր հետևում է ԱԲ գործիքների կիրառման համաշխարհային միտումներին ու ակտիվորեն մշակում է սեփական փորձն այս ուղղությամբ։

«Այս նախաձեռնություններն արդեն ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերի տասնյակ դպրոցներ. ծրագրում ներառված են հարյուրավոր ուսուցիչներ և ավելի քան 600 աշակերտ։ Տարիների ընթացքում ծրագրերի մասնակիցները ոչ միայն ամրապնդել են իրենց մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները, այլև ձեռք են բերել ԱԲ գրագիտություն, քննադատական մտածողություն, թիմային աշխատանք և նորարար խնդիրների լուծման կարողություններ։ Ներկայում ծրագրերը դեռևս փորձնական են, որոնք իրականացվում են պետության և առաջատար ՏՏ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, ինչը վկայում է փոխադարձ վստահության մասին՝ ապահովելով սովորողներին վաղ փուլում ԱԲ գործիքներին ծանոթացնելու հանձնառությունը»,- նշել է Անդրեասյանը։

Նախարարն առանձնացրել է մի քանի նախաձեռնություն՝ «ԱԲ սերունդ» ծրագիրը ավագ դպրոցներում, STEP.AI կրթական հարթակը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան ծրագիրը, որը նպատակ ունի ԱԲ ոլորտի մասնագետների պատրաստում՝ սկսած դպրոցական մակարդակից մինչև հետբուհական կրթություն։

Նրա խոսքով՝ Հայաստանի բուհերի կրթական ծրագրերը նպատակ ունեն խորացված գիտելիքներ տալ արհեստական բանականությանն առնչվող ոլորտներում։

Ելույթի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մի քանի կարևոր միջազգային տեխնոլոգիական միջոցառումների, այդ թվում՝ WCIT անցկացմանը Հայաստանում, որը, ըստ նախարարի, կարևոր դեր ունի երկրի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի, դիրքավորման հարցում։

Անդրեասյանը ներկայացրել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքները, մասնավորապես՝ գեներատիվ ԱԲ-ին ուղղված կրթական ծրագրերի մեկնարկը, որոնք կնպաստեն երիտասարդների շրջանում համապարփակ ԱԲ գրագիտության ձևավորմանը։

«Հայաստանում այս նախաձեռնությունները պարզապես կրթական բարեփոխումներ չեն․ դրանք մեր կրթական համակարգի հիմնասյուներն են։ Աշխարհաքաղաքական իրողությունները և բնական ռեսուրսների սահմանափակությունը մեզ ստիպում են առավելագույնս օգտագործել անսահման ռեսուրսը՝ մարդկային միտքը։ ԱԲ-ն մեզ համար հավասար հնարավորությունների բանալին է, որը թույլ է տալիս դուրս գալ ավանդական տնտեսությունների սահմաններից։ Մենք համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների արդյունավետ իրականացմանը։ Մեր պարտքն է պատրաստել սովորողներին ոչ միայն այսօրվա պահանջներին, այլև վաղվա հմտություններին՝ ապահովելով, որ նրանք լինեն փոփոխությունների ստեղծողներ, ոչ թե պարզապես հետևողներ»,- ասել է նախարարը:

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում եղել է նաև նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։

Leave a Comment