Որոնք են հոդացավարի պատճառները և երբ է անհրաժեշտ դիմել ռևմատոլոգի

Հոդացավն ամենատարածված գանգատներից մեկն է, որը շատերը կապում են տարիքի, եղանակի փոփոխության կամ այլ խնդիրների հետ։ Սակայն իրականում հոդացավերը կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ՝ սկսած սովորական գերհոգնածությունից մինչև լուրջ ռևմատոլոգիական հիվանդություններ։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանի հետ զրուցել ենք հոդացավերի հիմնական պատճառների, ախտորոշման մոտեցումների, բուժման հնարավորությունների և ամենատարածված միֆերի մասին:

Մասնագետի խոսքով՝ հոդացավերը կարող են պայմանավորված լինել ինչպես ռևմատոլոգիական, այնպես էլ ոչ ռևմատոլոգիական հիվանդություններով։ Ընդհանուր առմամբ, դրանք կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ բորբոքային և դեգեներատիվ։

Նրա խոսքով՝ բորբոքային հոդացավերը հաճախ հանդիպում են ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ համակարգային շարակցական հյուսվածքի հիվանդությունների ժամանակ։ Իսկ դեգեներատիվ հիվանդությունները, ինչպես օստեոարթրիտը, հիմնականում պայմանավորված են տարիքով և աճառի մաշվածությամբ։

«Հոդաբորբը ցանկացած հոդի բորբոքումն է և համարվում է ձեռքբերովի հիվանդություն, սակայն բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների դեպքում առկա է գենետիկ նախատրամադրվածություն։ Սա չի նշանակում, որ հիվանդությունը ուղիղ գենետիկ փոխանցվում է, այլ պարզապես որոշ մարդիկ ավելի հակված են դրա զարգացմանը»,- ասաց նա:

Բժիշկը նշում է, որ հոդային ցավը հաճախ շփոթվում է մկանային կամ նյարդային ցավերի հետ։ Այդ տարբերակումը հնարավոր է միայն բժշկական զննման և մանրամասն հարցման միջոցով։

Բորբոքային հոդաբորբի դեպքում բնորոշ է առավոտյան երկարատև կարկամությունը, իսկ դեգեներատիվ հիվանդությունների դեպքում ցավերն ավելի ուժեղ են օրվա երկրորդ կեսին։

«Եթե դաստակի մանր հոդերի ցավը սիմետրիկ է, ուղեկցվում է այտուցով և առավոտյան երկար կարկամությամբ, մենք արդեն մտածում ենք ռևմատոիդ արտրիտի մասին և նշանակում համապատասխան հետազոտություններ: Տարիքային առումով ռևմատոլոգիական հիվանդությունները տարբեր են։ Որոշ աուտոիմուն հիվանդություններ ավելի հաճախ հանդիպում են երիտասարդների մոտ, օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտը կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ: Իսկ օստեոարթրիտը հիմնականում դիտվում է 50–60 տարեկանից հետո»,- ընդգծում է Գինոսյանը։

Մասնագետն անդրադարձավ նաև եղանակի ազդեցության մասին տարածված կարծիքին՝ նշելով, որ որոշ մարդիկ իսկապես զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանք ունեն լուրջ ռևմատոլոգիական հիվանդություն։

««Ռևմատիզմ» տերմինը, որը հաճախ օգտագործվում է մարդկանց կողմից, իրականում այլ հիվանդություն է և հանդիպում է հիմնականում երեխաների մոտ՝ ստրեպտոկոկային վարակից հետո։ Ոտքերի հոգնածությունը նույնպես միշտ չէ, որ հոդային ծագում ունի։ Այն կարող է լինել անոթային խնդիրների, ավելորդ քաշի, երկար կանգնելու կամ նստելու հետևանք»,- նշեց մասնագետը:

Բժիշկը խորհուրդ տվեց հոդացավերի, այտուցի, շարժումների սահմանափակման կամ արտահոդային նշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին դիմել բժշկի, քանի որ վաղ ախտորոշումն ու ճիշտ բուժումը թույլ են տալիս կանխել դեֆորմացիաները և պահպանել կյանքի որակը:

Leave a Comment