«Նպատակը Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելուն խոչընդոտելն է, սա արվում է ՔԿ-ի և դատախազության միջոցով». Արմինե Ֆանյան

Հունվարի 31-ին փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով, որ ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ Քննչական կոմիտե ներկայանալու համար:

«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի մեջ:

Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը:

Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում»,- գրել էր փաստաբանը։

Նույն օրն արդեն Քննչական կոմիտե էին հրավիրվել Հովնան, Նաթան, Մակար, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները, տեր Մովսես քահանան: Նրանք բոլորն էլ ունեն մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

ՔԿ-ն նրանց մեղադրում է «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի մեջ», իսկ ավելի կոնկրետ՝ այդ դատական ակտը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որն օրերս Վեհափառ հայրապետի կողմից կարգալույծ էր հռչակվել, որից հետո էլ դիմել էր դատարան։

Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված է Եպիսկոպոսաց ժողովը, հետևաբար՝ այս փուլում Հոգևոր խորհրդի որոշ անդամների ՔԿ կանչել և հետո ընտրել բացակայելու արգելքը, պատահականությո՞ւն է։

Փաստաբան Արմինե Ֆանյանի գնահատմամբ՝ իհարկե, այս ամենը պատահական չէ, որովհետև շատ քիչ է հանդիպում իրավիճակ, երբ անձը միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով ծանուցվում է ներկայանալ Քննչական կոմիտե։

«Հատկապես դեպքերի զարգացման ֆոնին արդեն ակնհայտ է, որ հիմնական նպատակը Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելուն խոչընդոտելն է  պետության կողմից։ Սա պետությունն անում է Քննչական կոմիտեի և դատախազության միջոցով, ցավոք, իր ձեռքում այս երկու հաստատություններն արդեն գործիք են դարձրել։

Ինչ վերաբերում է մեր կողմից ձեռնարկվելիք քայլերին, ապա բացակայելու արգելք խափանման միջոցն ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի համատեքստում կբողոքարկվի։ Իհարկե, դատարանի հետ հույսեր կապում ենք, եթե մակագրման գործընթացը նորմալ թափանցիկ լինի և մակագրվի գոնե այնպիսի դատավորների, ովքեր իրական արդարադատություն իրականացնելու առաքելությամբ են առաջնորդվում, այլ ոչ թե պատվերներ կատարելով կամ իշխանահաճո որոշումներ կայացնելով»,- 168.am հետ զրույցում ասաց Արմինե Ֆանյանը։

Փաստաբանը շեշտեց՝ իրականում մեղադրանքն անհիմն է, որովհետև Գերագույն հոգևոր խորհրդի, Վեհափառի որոշումները ենթակա չեն գրաքննության։ Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին, ներքին կյանքին պետությունն իրավունք չունի միջամտելու։

«Այդ որոշումը ենթակա չէ ո՛չ դատական ստուգումների, ո՛չ էլ որևէ մեկը կարող է որոշել՝ այս կամ այն եպիսկոպոսը շարունակի՞ լինել այդ կարգավիճակում, թե՞ ոչ։ Նման որոշում կայացնելու հեղինակը չի կարող լինել պետությունը։

Ինչպե՞ս կարող է դատարանը քննարկել՝ արդյո՞ք Վեհափառի որոշումը ճիշտ էր, թե՞ ոչ, ի՞նչ գործիքակազմով է արել, ի՞նչ օրենսդրության հիման վրա։ Սրանք հարցեր են, որոնք այդպես էլ մնացել են։ Այսքանով արդեն մեղադրանքն անհիմն է, անհիմն է նաև այլ համատեքստում, որովհետև Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ոչ թե որոշում են կայացնում կարգալույծ հռչակելու, այլ Վեհափառ հայրապետին առաջարկ են ներկայացնում։

Այդ տնօրինությունը բացառապես պատկանում է կաթողիկոսին, հետևապես, այս իմաստով էլ է որոշումն անհիմն։ Ունենք քահանա, որը քարտուղար է և առհասարակ որոշում կայացնելու իրավասությամբ օժտված չէ։ Ծառայողական լիազորություններ են վերագրում քահանաներին, որ նման բան լինել չի կարող։ Այս ամենով հանդերձ, պատկերացրեք, թե այդ քրեական հետապնդման որոշումը որքան խնդիրներ ունի»,- ընդգծեց Արմինե Ֆանյանը։

Leave a Comment