ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսինը փետրվարի 9-ին այցելելու էՀայաստան: Radar Armenia-ն քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ քննարկեց, թե ինչ արդյունքներ կարող են լինել Վենսի այցից և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն Հայաստանի համար։
– Ի՞նչ ակնկալիքներ կան ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից:
– Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահը իր գրառման մեջ, ԱՄՆ փոխնախագահի այցը Ադրբեջան և Հայաստան նպատակ ունի առաջ մղել տարածաշրջանային հաղորդակցային երթուղիները, դրանց իրագործումն ու ինստիտուցիոնալացումը։ Կարելի է ենթադրել, որ այդ շրջանակներում կդրվի հերթական հիմնաքարը տվյալ երթուղու և դրա հետ կապված գործնական քայլերի համար։
-Արդյո՞ք Վենսի այցը կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ի ներգրավվածության նոր փուլ Հարավային Կովկասում։
– Այս համատեքստում Վենսի այցը կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ի ներգրավվածության նոր փուլ Հարավային Կովկասում։ Դրա առաջին և տեսանելի վկայությունները օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ և երկկողմ հայտարարություններն ու հուշագրերն էին Հայաստանի հետ, ինչպես նաև մեկ փաստաթուղթ՝ Ադրբեջանի հետ։
Հայաստանի հետ էլ ստորագրվել է երեք հուշագիր․ առաջինը վերաբերում է էներգետիկայի ոլորտին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ երրորդը՝ հաղորդակցությունների և արհեստական բանականության ոլորտին։ Այս հուշագրերը ցույց են տալիս գործընթացի խորությունը, որը ենթադրում է Հայաստանի էներգետիկ համակարգի համապարփակ արդիականացում։
-Ի՞նչ ակնկալիքներ կան ստորագրված հուշագրերից։
-Ներդրումային բաղադրիչի տեսանկյունից ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը սկսում են փոխշահավետ բիզնեսային համագործակցություն՝ բարձր ռիսկային, բայց մեծ ծավալներ ենթադրող նախագծերում։ Այդ շրջանակում չի բացառվում նաև նոր ատոմակայանի կառուցում Հայաստանում, որի վերաբերյալ արդեն իսկ հնչել են հայտարարություններ։
Բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմամբ Հայաստանը կարող է դառնալ գլոբալ մատակարարման շղթայի մաս՝ աշխարհին մատակարարելով միկրոչիպեր։ Այս գործընթացը ներառում է նաև տվյալների և ինտերնետ մալուխների անցկացում Հայաստանի տարածքով, ինչը կարելի է դիտարկել որպես «թվային խաղաղության խաչմերուկ» կամ թվային հաղորդակցային ուղի։
-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը փորձում են խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
– Հայաստանը այս գործընթացում արդեն ունի շոշափելի արդյունքներ։
Անկախ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների բարդություններից, ակնհայտ է, որ երկու երկրներն էլ փորձում են խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մակարդակով։
Ըստ էության, Հայաստանը վերածվում է գլոբալ շուկաների փոխկապակցման կարևորագույն օղակի, և այդ շուկաներում առևտուր իրականացնող պետությունները չեն կարող անտարբեր մնալ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի անվտանգության և խաղաղության հարցերի նկատմամբ։ Հայաստանի անվտանգությունը վտանգելը կնշանակի վտանգել նաև այն հաղորդուղիները, որոնք կապում են այդ շուկաները։
– Ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում այս գործընթացը Հայաստանի համար։
-Աշխարհում չկա որևէ պատասխանատու դերակատար, որը պատրաստ լինի վտանգի տակ դնել այն բազմամիլիարդ ներդրումները, որոնք Միացյալ Նահանգները նախատեսում է իրականացնել Հայաստանում։ Երկրորդը՝ ոչ ոք շահագրգռված չէ խզել այն մատակարարման շղթաները, որտեղ փոխկապակցված են մի շարք կարևոր պետությունների և գլոբալ խաղացողների շահերը։ Այս ամենը, թեկուզ՝ ոչ ամբողջությամբ, բայց էապես նվազեցնում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ռիսկերը առնվազն միջնաժամկետ հեռանկարում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Բաքուն փորձում էր Հայաստանը դուրս թողնել գլոբալ մատակարարման շղթաներից։ Սակայն դա չիրականացվեց․ ԱՄՆ ներկայացուցիչների միջամտությամբ հստակ արձանագրվեց, որ հաղորդակցային երթուղին պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Ադրբեջանը նախընտրում էր երթուղին իրականացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ուղղությամբ՝ շրջանցելով Հայաստանը, սակայն այս տարբերակը չընդունվեց։ Այժմ Ադրբեջանը ստիպված է համակերպվել այն իրողության հետ, որ Միացյալ Նահանգների դիրքորոշմամբ ճանապարհը պետք է անցնի Հայաստանի Հանրապետությամբ։
Լաուրա Հարությունյան
