Փոխշահավետության բացակայությունը խնդիրներ է ստեղծում բաժանորդների համար․Ռադիոլուր

Փոխշահավետության բացակայությունը խնդիրներ է ստեղծում բաժանորդների համար․Ռադիոլուր

Փետրվարի 1–ից EasyPay-ը, Telcell-ը, Idram-ը և Fast Shift–ը չեն ընդունում բջջային երեք օպերատորների բաժանորդների վճարումները։ Բջջային օպերատորները առաջարկում են վճարումներ անել իրենց հավելվածներով, առևտրային բանկերի մասնաճյուղերում կամ «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում։ Վճարահաշվարկային կազմակերպությունները հայտարարել են, որ բջջային օպերատորների առաջարկած նոր պայմանները փոխշահավետ չեն և վտանգում են ծառայությունների մատուցման տնտեսական հիմքերը։ Այս ծառայություններից օգտվողները բաժանորդները, բնականաբար, դժգոհ են ստեղծված իրավիճակից։ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում այս թեմայով։

Հայաստանում գործող բջջային օպերատորները առանձին-առանձին, բայց նույնաբովանդակ հայտարություններով՝ հաճախորդներին օրերս տեղեկացրին, որ փետրվարի 1–ից վճարումներ ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպություններ, մասնավորապես EasyPay-ը, Telcell-ը, Idram-ը և Fast Shift–ը այլևս չեն ընդունի բջջային օպերատոների բաժանորդների վճարումներ։ Երեքի պարզաբանումն էլ նույնն է․

«Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ համաձայնության հասնել՝ փոխշահավետ պայմաններով գործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով գործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու «ՀայՓոստ» ՓԲԸ»–ի հետ։

Վճարումներ կարելի է կատարել նաև բջջային օպերատորների հավելվածներով։ Այս որոշումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել։

 «Մարդկանց կյանքը բարդացնելու է՞լ ինչ ձև գիտեք»։

«Հերի՞ք չի՝ մեզ գցեք այդ բանկերի, փոստերի քուչեքը մի լիցքավորման համար»։

«Կարո՞ղ է ինչ–որ մեկը բացատրել սրա իմաստը․ ինչո՞ւ եք ավելի բարդացնում մարդկանց կյանքը»։ 

Մոտ երկու ամիս առաջ վճարահաշվարկային կազմակերպությունների համար նույնականացման պահանջները խստացվեցին։ Նրանց գործունեությունը կարգավորվում է նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով։

Ըստ այդմ՝ դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է վճարողի անունից։ Օրենքը պահանջում է, որ փոխանցում կամ հաշվի համալրում կատարողի տվյալները նույնականացվեն, այսինքն՝ լրացվեն նրա անձնական տվյալները, որպեսզի պարզ դառնա մի անձից մյուսի հաշվին փոխանցումների պատկերը։ Օրենքն ընդունվել է 2014–ին։ Խիստ նույնականացում անցնելու պահանջը որոշ մտահոգություններ էր առաջացրել վճարահաշվարկային կազմակերպություններում։  

«Նույնականացման պահանջը վճարային տերմինալների նկատմամբ կիրառելը հասարակության լայն շերտերի շատ մեծ անհարմարություն է պատճառելու»,— ասում է Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մհեր Գալստյանը․  

«Սա բերելու է մարդկանց հոսքի դեպի բանկեր, իսկ բանկերը համապատասխան գործիքներ ու ռեսուրս չունեն, որ «մարսեն» կանխիկի մեծ ծավալը, այսինքն՝ շղթայական բացասական ռեակցիա է լինելու»։

Գլխավոր դրամատունն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ պետք է մատուցեն՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջները, իսկ թե հաճախորդների նույնականացման ինչ եղանակ և տեխնիկածրագրային ինչ լուծումներ կկիրառեն, ինքնուրույն պետք է որոշեն։ Կենտրոնական բանկի գործառույթը հավաստիանալն է, որ ֆինանսական կազմակերպությունների ծառայությունները մատուցվում են ըստ օրենսդրության։ Իսկ պահանջներին չհամապատասխանող գործառնությունները պետք է դադարեցվեն։

Հայկական վճարահաշվարկային ընկերությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որ դադարեցնում են հեռահաղորդակցության օպերատորների հետ գործակցությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների առաջարկած նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ գործակցության սկզբունքներին, միակողմանի են և վտանգում են որակյալ ծառայություններ մատուցելու տնտեսական հիմքերը։

«Այսօր հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40–50 %, չի ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն և գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։ Առաջարկվող փոփոխության մերժումը վճարահաշվարկային կազմակերպություններից հանգեցրել է նրան, որ հեռահաղորդակցության օպերատորները միակողմանիորեն խզեն գործող պայմանագրերը՝ անհնար դարձնելով բանակցությունների և խնդրի լուծման հնարավորությունը»։

Այս փոփոխություններով՝ հարյուրհազարավոր բաժանորդներ, հնարավոր է, փետրվարի 1-ից զրկվեն որոշ հարմարավետ ծառայություններից։ Կազմակերպությունները համարում են, որ նման փոփոխություններով, հավանական է, ինքնագործունեությամբ զբաղվող լրացուցիչ միջնորդական օղակներ ի հայտ գան և ավելորդ ֆինանսական բեռ առաջացնեն, իսկ դա հակասում է ժամանակակից վճարային ծառայությունների զարգացման տրամաբանությանը։

Արդյո՞ք որևէ ձևով կշարունակվի բջջային օպերատորների և վճարահաշվարկային խոշոր կազմակերպությունների գործակցությունը՝ պարզ չէ։ Այս պահին հստակ է միայն, որ  օպերատորները առաջարկում են վճարումներ կատարել իրենց հավելվածներով, առևտրային բանկերի մասնաճյուղերում կամ «ՀայՓոստ»–ի բաժանմունքներում։ Իհարկե, չեն բացառում նոր ընկերությունների ստեղծումը։ Բայց այս պահին հորդորում են վճարել միայն իրենց առաջարկած տարբերակներով։

Աղբյուրը՝ /hy.armradio.am

Leave a Comment