44-օրյա պատերազմի հետ կապված շատ կոպիտ պատկերացում կա՝ ինչը ոնց է եղել, բայց… Տիրան Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը դեռ վկաների հարցաքննության փուլում է: Ավելի վաղ գրել էինք, որ վկաների թիվը 23 է, որոնց թվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Այս և 2020 թվականի պատերազմին առնչվող այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ:

– Քրեական գործը դատաքննության փուլում է՝ վկաներին են լսում:

– Իսկ, օրինակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն արդեն հարցաքննվե՞լ է:

– Ոչ:

– 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցն այդպես էլ չներկայացվեց ԱԺ լիագումար նիստում և ուղարկվեց ԱԺ առաջին բաժին: Պարոն գեներալ, ըստ Ձեզ՝ արդյո՞ք իշխանությունը որոշակի վախեր ուներ, ունի և կոնկրետ ինչի՞ հետ կապված:

– Ճիշտն ասած, այն հիմնավորումը, որը տալիս են Քննիչ հանձնաժողովի աշխատանքի և կատարածի ժամկետի հետ կապված, ասենք՝ դա օրենքի սահմաններում է: Բայց այն, որ նախքան այդ հիմնավորումներ բերելը, կարող էին դադարեցնել այդ Քննիչ հանձնաժողովի գործունեությունը, և, առհասարակ, այդ զեկույցը չպատրաստեին և ներկայացնել-չներկայացնելու խնդիր չլիներ, դրա մասին ոչ ոք ոչինչ չի խոսում: Եթե ժամկետների խախտում է եղել, այդ դեպքում այդ հանձնաժողովն ինչի՞ է շարունակել աշխատել, վերջում էլ զեկույց գրել:

Ինչ վերաբերում է ձեր ասած վախերին, ճիշտ ասած, չգիտեմ՝ ինչ է ներկայացվել, ամենահավանականը, որ կարող եմ պատկերացնել՝ իրենց ոչ ձեռնտու կամ իրենց շահերը չպաշտպանող բաներ կան երևի, թեև քիչ հավանական եմ համարում: Այդ հանձնաժողովն իր էությամբ և մոտեցումներով չէր կարող անաչառ վերաբերմունք ցուցաբերել, բայց դրա հետ մեկտեղ՝ երևի էլի չեն կարողացել էնքան բան անել, որ իրենց համար լիովին հաճելի լինի: Սա՝ առաջին: Երկրորդն էլ, վերջին հաշվով, հարվածները կամ սլաքները շեղելու համար արդարացումներ են գտել իշխանությունները:

– 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցել ենք պարտություն, մարդկային լուրջ կորուստներ, տարածքային և նյութական կորուստներ, և այս ամենը նաև այլ հետևանքներ է ունեցել: Ըստ այդմ՝ չպե՞տք է արդյոք ինչ-որ պահի ռազմական և քաղաքական գնահատականներ տրվեն, մենք նաև որոշակի չափով չպե՞տք է իմանանք՝ ինչո՞ւ պարտվեցինք, որքա՞ն է բանակի ղեկավարության պատասխանատվության չափը, որքա՞ն՝ քաղաքական ղեկավարության:

– Իհարկե, օբյեկտիվ գնահատում պետք է լինի: Եվ բոլոր մանրամասները մասնագիտական առումով ճիշտ անձանց կողմից պետք է ուսումնասիրվեն, և ըստ այդմ՝ եզրահանգումներ արվեն և համալիր ներկայացվի այդ ամենը: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք՝ Քննիչ հանձնաժողովն արեց և իր արածն ընթացք չունեցավ, և ընդհանրապես թեման փակվեց և գնաց: Հիմա ինչ-որ կտորների հետ կապված կան հայցեր, քրեական գործեր, բողոքներ, ինչ-որ բաներ են անում, բայց դա ընդհանրացված վերլուծության և վերջնական եզրահանգման նյութ, որպես այդպիսին, չի կարող լինել: Այսինքն, ընդամենը կարող է լինել կոնկրետ դեպքերի գնահատում, այն էլ հարց է՝ որքան անաչառ և հիմնավոր: Ասում եք՝ մենք պետք է իմանանք բանակի և քաղաքական ղեկավարության պատասխանատվության չափը, պարտության իրական պատճառները: Նախ՝ «մենք» ասելով՝ նայած, թե ում նկատի ունենք՝ իշխանությունների՞ն, որոնց համար, իմ վերլուծությամբ և գնահատականներով, հետաքրքիր էլ չի այս հարցը:

Եթե «մենք» ասելով՝ նկատի ունեք հասարակությանը, ապա, այո, հասարակությանը հետաքրքիր է: Բայց, ինչպես նշեցի՝ իշխանությանը հետաքրքիր չէ, որ իրական պատկերը մատուցվի հասարակությանը, թե ռազմական և քաղաքական ղեկավարության պատասխանատվության չափը պարտության մեջ որքան է, որոնք են պարտության խորքային պատճառները: Իսկ հասարակությանը միշտ էլ հետաքրքիր է և հետո էլ է լինելու: Իհարկե՝ հետաքրքրության շարժառիթները կարող են տարբեր լինել, ամեն դեպքում, հասարակական հետաքրքրությունը՝ 44-օրյայի և պարտության պատճառների հետ կապված, չի մեռնելու, չի վերանալու:

– Իսկ Դուք Ձեզ համար որոշե՞լ եք բանակի և երկրի քաղաքական ղեկավարության պատասխանատվության չափը պատերազմում պարտության:

– Գիտեք, իմ նախնական վերլուծությունը շատ կոպիտ է, բայց դրա արդյունքում ճշգրիտ եզրահանգումներ չի կարելի անել: Այսինքն, այո, ես ինձ համար արել եմ եզրահանգումներ, բայց դա այն չէ, որ միանշանակ ասես՝ սա այսպես է, սա՝ այնպես: Թեև վերևում նշեցի, որ պետք է ճշգրիտ գնահատական լինի, բայց նաև հասկանում ենք, որ բավական ժամանակ է անցել և դեռ անցնելու է, այսինքն՝ հիշողության, դեպքերի, համապատասխան անձանց ասածները համադրելու, իրար հետ քննարկում կազմակերպելու առումով ժամանակ ենք կորցրել, և որքան այդ ժամանակն անցնի, այնքան որոշ բաներ խնդրահարույց են դառնալու:

Կրկնում եմ՝ շատ կոպիտ կա պատկերացում, թե ինչը ոնց է եղել, շատ կոպիտ է, բայց դա այն հարցը չէ, որ կոպիտ բանով եզրահանգում արվի:

– 44-օրյա պատերազմից հետո բանակի, գեներալների նկատմամբ հանրային վերաբերմունք փոխվեց, և դրան հաջորդած տարիներին ամեն անգամ, երբ երկրի շուրջ անվտանգային մարտահրավերները սրվել են, տարածքային կորուստներ ենք ունեցել՝ իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով, քաղաքական, փորձագիտական, հասարակությունը զինվորականությունից, ռազմական նախկին ղեկավարներից, գեներալներից պահանջել է՝ ինչո՞ւ չեն խոսում:

Լավ, գեներալներն ինչի՞ մասին պետք է խոսեն: Ես այդ հարցերին տարբեր առիթներով պատասխանել եմ: Բայց ի՞նչ հարց կա, որ գեներալները պետք է խոսեն ու չեն խոսում:

Ասում են՝ պատերազմի հետ կապված որոշ ճշմարտություններ, կամ՝ պիտի կանխվեր պարտությունը, հետագա տարածքային կորուստները, որոնք երկրի անվտանգությունը խոցելի դարձրեցին, և այլն:

Արդյո՞ք կարող ենք ասել, որ, օրինակ, 10 հոգին կամ գուցե ավելին ներկայացնում է հասարակության պահանջը: Եվ հետո՝ մարդիկ սիրում են լսել այն, ինչ իրենց ականջներին հաճելի է, կամ՝ տեսնել այն, ինչ իրենց դուր է գալիս: Հիմա ինչ էլ խոսենք, ոնց էլ խոսենք, եթե անհատների վերաբերմունք, գնահատում պետք է նայենք, ում դուրը չգա, դարձյալ կասի՝ ինչի՞ ճշմարտությունը չեն խոսում, էնքան կխոսեն՝ մինչև իրենց համար հաճելի բան լսեն: Այդ խոսելը, ես ասացի՝ պետք է մասնագետներին լսեին, համապատասխան վերլուծություն արվեր, ըստ այդմ՝ պատերազմի հետ կապված գնահատական տրվեր և ասվեր՝ սա է, ձեզ հաճելի՞ է, թե՞ ոչ… Եթե սա չի արվել, հիմա ով ինչ ուզում է, թող ասի, ինչի հետևից ուզում է, թող գնա, իմաստը ո՞րն է:

– Խոսենք զինված ուժերի ներկա վիճակի մասին. իշխանությունները պնդում են, թե պրոֆեսիոնալ բանակ ունենալու մտքից չեն հրաժարվել, և պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձրել են 1.5 տարի՝ պայմանագրայինների հաշվին: Արդյո՞ք իրականում սրա հետ կապված ոչ մի խնդիր չկա, ինչպես վստահեցնում են իշխանությունները:

– Ես լսել եմ ժամկետի կրճատման հետ կապված հիմնավորումները, ոչ մեկն էլ հիմնավորում չէ: Որովհետև հարցն այն չէ, որ պայմանագրայինների հաշվին բավարար զինծառայող ունենանք, այլ խորքային հարցն այն է, որ ծրագիրը, որով պատրաստվում է ծառայության ժամկետային զինծառայողը, պետք է կարողանա յուրացնել և անհրաժեշտության դեպքում՝ կլինի մարտական գործողություն, թե դրա նախապատրաստում, կարողանա վերապատրաստվելով՝ իր առջև դրված խնդիրը կատարել: Հիմա, եթե մենք այդ ծրագիրը չենք փոխում, կամ՝ չենք բերում մեջտեղ այնպիսի ծրագիր, որով 1.5 տարվա ընթացքում հնարավոր կլինի զինվոր պատրաստել, մենք ինչի՞ հաշվին ենք այդ ժամկետը կրճատում:

Ծրագիրը, որով պատրաստում էին զինվորին, նույնն է մնացել, դեռ մի բան էլ ավելի շատ է կրճատվել, եթե հաշվի առնենք, որ առաջին 6 ամիսը մաքուր մասնագիտական պատրաստություն է՝ ստորաբաժանումների ներդաշնակման, ստորաբաժանման կազմում գործելու և խնդիր լուծելու հետ կապված, այդ 6 ամիսն էլ է պակասում:

Այսինքն, այն, որ 2 տարում էր նախատեսված իրականացնել, անում ենք 1.5 տարում, և ուզում ենք լավ արդյունք լինի: Սա է ինձ համար կարևոր, թեև քանակ էլ չենք կարողանալու ապահովել՝ պայմանագրայինների հաշվին առաջացած պակասը հնարավոր չի լինելու լրացնել: Որևէ լուրջ թվային հաշվարկ չկա՝ համալրում-զորացրում, որ հիմնավորված տրվի՝ էսքան ավելցուկային… էդպիսի բան չկա: Այդ զորահավաքայինով (25-օրյա վարժանքի մասնակից) հավաքներին ընդգրկվածները դա պակասող քանակի ժամանակավոր լրացում է, բայց, կրկնում եմ, որ խնդիրը զինվորի պատրաստությանն է վերաբերում, ինչ որակով է դա արվելու: Եթե լինեն որակով պատրաստվածներ, 1 շաբաթում էլ անհրաժեշտ պահի կարելի է վերհիշել: Բայց անպատրաստ մարդկանց բերում ես ուղղակի մարդաքանակ, ի՞նչ պրոֆեսիոնալ բանակից կարող է խոսք գնալ:

– Իսկ պատերազմի իրական վտանգ կա՞, եթե հաշվի առնենք նախիջևանյան թևում թուրք-ադրբեջանական աշխսրհաքաղաքական ծրագրերը, Սյունիքի շուրջ առկա զարգացումները, և ոչինչ, որ իշխանությունները պնդում են՝ պատերազմ չի լինելու: Իրականում ո՞ր դեպքում է սա հնարավոր Ադրբեջանի կողմից:

– Ե՞րբ է պատերազմ սկսում, կամ՝ դրա հետ կապված սպառնալիքի մեծացման հարցեր առաջանում. սա տեղի է ունենում, երբ քաղաքական ճանապարհով կամ այլ տիպի ճնշումներով կոնֆլիկտի կողմերից մեկը չի կարողանում իր նպատակներին հասնել: Այսինքն, մինչև ռազմական ճանապարհով հարցի լուծումը, կողմերից մեկը փորձում է իր նպատակին հասնել՝ դա կարող է լինել տնտեսական, տեղեկատվական, քաղաքական, սոցիալական հարցերի վրա ազդեցությամբ և այլն: Եթե այդ բոլոր մեխանիզմները չեն գործում, նոր ռազմական ճանապարհով, զինված ուժերի միջոցով են փորձում իրենց ուզածին հասնել:

Եթե մեր հարևանները մեր նկատմամբ պահանջներ չունեն այլևս, ընդհանրապես, այդ դեպքում կարող է պատերազմ չլինել: Իսկ եթե ունի, և այդ հարցերը լուծվում են առանց ռազմական ուժերի կիրառման, այդ դեպքում էլ պատերազմ չի լինի: Հիմա երկու տարբերակից որն ուզում եք վերցրեք՝ կամ իրենք ունեն ակնկալիք, պահանջներ, որոնք կատարվում են, այդ պարագայում Ադրբեջանը պատերազմ չի սկսի, կամ՝ չունեն լուծման ենթակա պահանջներ: Արդյո՞ք չկա մեր հարևանների կողմից Հայաստանի նկատմամբ պահանջներ, բնականաբար, կան, չէ՞:

– Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում, մասնավորապես, նշում է. «Երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»:

– Եթե կան պահանջներ, ուրեմն՝ նրանք գնալու են նրան, որ այդ պահանջները կատարվեն: Եվ եթե առանց ռազմական ուժերի կիրառման այս հարցերը լուծվեն, ուրեմն՝ պատերազմ չի լինի, չեն լուծվի, չենք կատարի այս պահանջները՝ պատերազմ կլինի:

 

Leave a Comment