Դպիրը պահանջել է Սիոն արքեպիսկոպոսին կարգալույծ անել հակականոնական պատարագներին մասնակցելու համար

Դպիր Սամվել Գրիգորյանը խնդրագիր է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին կարգալույծ անելու համար:

Նրա խոսքով՝ արքեպիսկոպոսն ընդվզել է եկեղեցու հիերարխիկ կարգի դեմ, չի զղջացել և միայն ամրապնդվել է իր գործողություններում: Դպիրը նշել է, որ Սիոն արքեպիսկոպոսը մասնակցել է փետրվարի 1-իի հակականոնական «պատարագին», որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ, ինչպես նաև Մրգաշատ գյուղում մատուցված պատարագին, որտեղ աղոթել է կարգալույծ Արմեն Առաքելյանի՝ նախկինում Տեր Կորյունի հետ, ինչը դեմ է եղկեղեցական կանոնին:

Դպիրը նաև նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնության Սիոն արքեպիսկոպոսը երեք «բարեշրջիչների» հետ ներխուժել է Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցի և կազմակերպել «պատարագ»:

«Վերջին ամիսներին ցուցաբերել է եպիսկոպոսին անվայել հակականոնական և դեպի հերձված տանող պառակտիչ ընթացք: Չի անսացել Մայր Աթոռի բազմաթիվ հորդորներին՝ վերադառնալ կանոնական դաշտ», – եզրափակել է Գրիգորյանը:

Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել բարեփոխումների «ճանապարհային քարտեզը»: Հայտարարությունն ի սկզբանե ստորագրել էին 10 եպիսկոպոսներ, ավելի ուշ նրանց միացել էին ևս 6 հոգևորականներ: Սիոն արքեպիսկոպոսը վարչապետի նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների արշավին միացած տասը բարձրաստիճան հոգևորականներից մեկն է:

 

Leave a Comment