«AI քեզ հանդիպում». «ՌեԱրմենիա» ակադեմիայի ԱԲ գրագիտության շարժման մասնակիցները` մեկ հարկի տակ

«AI քեզ հանդիպում». «ՌեԱրմենիա» ակադեմիայի ԱԲ գրագիտության շարժման մասնակիցները` մեկ հարկի տակ

2 փետրվարի 2026 – 17:58 AMT

PanARMENIAN.Net – «AI քեզ հանդիպում» խորագրի ներքո «ռեԱրմենիա» ակադեմիան Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարկի տակ էր հավաքել ԱԲ գրագիտության` իր նախաձեռնած շարժմանը միացած մոտ 300 մասնակիցների և գործընկերների: Ընդհանուր առմամբ ակադեմիայի` անցյալ տարվանից մեկնարկած ԱԲ գրագիտության դասընթացների մասնակիցների թիվն արդեն հատել է 9000-ը, և թիմն ունի հստակ սահմանված նպատակ:

«Մենք 5 տարվա ընթացքում առնվազն մեկ միլիոն հայ պետք է դարձնենք ԱԲ գրագետ. այսպիսի պլան է իր առջև դրել «ռեԱրմենիա» ակադեմիան և այդ ուղղությամբ շարժվում է»,- ասել է «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Նա վստահ է` մի քանի տասնյակ տարի հետո երկրների հզոր կամ թույլ լինելը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչ տեմպերով են նրանք այսօր սկսում ԱԲ գործիքները սերտել և կիրառել։

«ռեԱրմենիա» ակադեմիան գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։

«ռեԱրմենիա» ակադեմիայի ԱԲ գրագիտության դասընթացներին միանում են ոչ միայն անհատները, այլև կազմակերպությունները: «Օրինակ, Ամերիաբանկի հետ արդեն քանի ամիս է կրթական պրոցես ենք սկսել, որի շրջանակում բանկի աշխատակիցներին ԱԲ գրագիտության ինտենսիվ դասընթացներ ենք տալիս»,-պատմել է Գևորգ Պողոսյանը:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը հավաստել է, որ նման ձևաչափը շատ արդյունավետ է:

«Բանկի աշխատակիցների արդեն 3-րդ խումբն է մասնակցում ԱԲ-ի այս դասընթացներին: Շատ հետաքրքիր է, որ 100 հոգանոց լսարանում մարդիկ կարող են հավասար սովորել, իրար վարակել, և այդ փորձառությունը միավորի նրանց »,- ասել է Վարդանյանցը՝ հավելելով, որ «ռեԱրմենիա» ակադեմիայի հետ համատեղ իրականացնելու են նաև այլ հետաքրքիր նախագծեր։

«AI քեզ հանդիպում» խորագրով միջոցառման շրջանակում հրավիրված պանելային քննարկման մասնակիցները կիսվել են իրենց դիտարկումներով այն մասին, թե ինչպես շարժվել ԱԲ-ի հետ համընթաց:

Այս հարցում Աննա Վարդանյանցի դիրոքոշումը միանշանակ է. «ԱԲ-ի հետ համընթաց քայլելու համար շատ կարևոր է այդ գիտելիքը տարածել և վախերը կոտրել, որովհետև մեզ խանգարողը զուտ մեր վախերն են»:

«ԱԲ-ին համընթաց քայլելը շատ դժվար է. ամեն օր սնկի պես նոր գործիքներ են աճում: Երևի ամենապարզ բանը, որ կարելի է անել, դա ուղղակի հետաքրքրասեր լինելն է»,- կարծիք է հայտնել FAST հիմննադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը:

«Ինձ համար ԱԲ-ի հետ համընթաց քայլելը համարձակ լինելն է ու միանգամից չասել` ոչ»,- ասել է ԱՄԻՕ բանկի Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար Աննա Կոնջորյանը։

«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյանն էլ ԱԲ-ի հետ փոխգործակցության մեջ կարևորում է հենց սովորելու տարրը:

«Երբ մի գործ ցանկանում ես ԱԲ-ի օգնությամբ անել, դա նշանակում է անձնային խոստում, որ դու էլ ես դա սովորելու իրեն զուգընթաց: Պետք է մտնել ոլորտի մեջ, որպեսզի ԱԲ-ն դառնա քեզ օգնական»,-ասել է նա:

Հետևությունները, որ անում են բանախոսները, պարզ են. ԱԲ-ն կախարդական փայտիկ չէ, որ աշխատելու է մեր փոխարեն, բայց մտածող ու ստեղծարար մարդու համար կարող է դառնալ լավագույն գործընկեր:

«ռեԱրմենիա» ակադեմիան տրանսֆորմացնող և զորացնող էկոհամակարգ է, որտեղ մարդիկ բացահայտում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը՝ արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ և ներդաշնակ կյանք ապրելու համար։

Ակադեմիան հայտարարել է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։ Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։

Զուգահեռաբար «ռեԱրմենիա» ակադեմիան դուրս է գալիս միջազգային շուկա՝ մեկնարկելով ռազմավարական համագործակցություն Հնդկաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Bharatiya Vidya Bhavan-ի (BVB) և #ai4abillion կամավոր, հասարակական նախաձեռնության հետ, որը ղեկավարում է BVB-ի Պատվավոր հրավիրված պրոֆեսոր Ռոհիտ Բանսալը։

Leave a Comment