Հունվարի 30-ին Նիկոլ Փաշինյանն իր շրջապատի առջև հանդես եկավ առաջին համերգով՝ ներկայացրեց, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հիմնը, թմբուկ զարկեց, իսկ նրա հավատարիմ «հանդիսատեսն» էլ՝ գրեթե ամբողջ ՔՊ-ն ու նրան հարող ուժերի ներկայացուցիչները, պարեցին։
«Հոգեբանների և իրավաբանների» ասոցիացիայի հիմնադիր նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը Նիկոլ Փաշինյանի քայլերը, հատկապես՝ նրա «համերգային» արշավը, որակում է՝ հանցավոր անգործություն։
«Այդ ամենը հանցագործություն է և ցինիզմի ցուցադրում։ Եթե նայում ենք այսօրվա մեր երկրի առաջնային անելիքները, խնդիրները և առհասարակ մեր ժողովրդի վիճակն ու Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ դա հանցավոր անգործություն է։ Այդ մարդը ցուցադրաբար ցինիզմ է ցուցաբերում մեր ժողովրդի նկատմամբ, ակնհայտ ձեռք է առնում սեփական ժողովրդին։
Այդ մարդը կա՛մ չի գիտակցում՝ ինքն ով է, ի պաշտոնե ինչ պետք է անի, կա՛մ լավ էլ գիտակցում է ու ցուցադրաբար ամեն ինչ անելով, ուզում է ասել՝ ինչ ուզում, այն էլ անում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Մարոզյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի՝ որպես ազգ, իսկ դրա համար բոլոր հասարակական գործիչները պետք է բարձրացնեն նախ այդ ազգի ինքնագնահատականը։
«Ի վերջո, ազգովի պետք է կողմնորոշվենք՝ մենք ով ենք, ուր ենք գնում, կամ մեզ ուր են տանում։
Իշխանությունը հաշվարկված քայլեր է փորձում անել, մոլորեցրել է ժողովրդին ու շարունակում է մոլորեցնել, իսկ «մութ անտառում սև աղվես հաստատ չես կարող բռնել»։ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է, որ տանուլ է տվել, պատասխանատվության ու հատուցման ժամը մոտ է, իրեն այլ բան չի մնում անել, քան մթնոլորտն ավելի սևացնել ու հասարակությանն ավելի պառակտել։
Մի խոսք կա՝ ասում է՝ բոլորին հիմար սարքենք և իրենց մեջ մենք կդառնանք լավագույն հիմարը, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդն այն աստիճանի է, որ թույլ կտա իրեն հիմարի կարգավիճակում դնեն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ Խաչատուր Մարոզյանի՝ այսօր ժողովրդին պետք է ամեն վայրկյան գիտակից մարդիկ բացատրեն իրավիճակը, դա ամենօրյա աշխատանք պետք է լինի։
Շարունակելով միտքը, նա նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանը կարող է ամեն ինչ անել, նույնիսկ իր տանը հացը հատակին ուտել, բայց այդ ամենը կարող է անել պաշտոնը թողնելուց հետո։
«Նիկոլ Փաշինյանի քայլերից տպավորություն է, որ նա մի ողջ ժողովրդի իր ձեռքում պատանդ է պահել։ Այդ ամենը, ամեն ինչ տապալել է, չի կատարել իր նախընտրական խոստումները, իրեն այլ բան չի մնում անել, քան ժողովրդին հիմարացնել տարբեր մեթոդներով, ստեղծել հիմարների բանակ ու ժողովրդին ասել, թե՝ «ես ձեր ընկերն եմ», բայց իրականում այդպես չէ, շատ խելացի լինել պետք չէ, որպեսզի այդ ամենը հասկանալ»,- ընդգծեց Խ.Մարոզյանը։
Զվարթ Խաչատրյան
Խաչատուր Մարոզյան, Նիկոլ Փաշինյանի համերգ, ժողովրդին հիմարացնել, պառակտում, իրավապաշտպան