2 փետրվարի 2026 – 15:45 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ:
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
Ավելի վաղ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հրավիրված ասուլիսի ժամանակ կոշտ ձևակերպումներով էր անդրադարձել Թեհրանի դեսպանատան դիմաց օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաներին և հայտարարել, որ ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն: Ըստ նրա՝ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար: