Ավելի լավ է՝ Ալիևն ու ադրբեջանցիներն իրենց պայուսակները պատրաստ պահեն. Իսրայելին աջակցած բոլոր ուժերը կպատժվեն. Սեյեդ Մոհամմադ Մարանդի

«Իրանի վրա ցանկացած հարձակում կհամարվի լայնամասշտաբ պատերազմ, և Իրանի պատասխանը կլինի ավերիչ»,- այս մասին իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, միջուկային բանակցությունների հարցով Թեհրանի պատվիրակության նախկին խորհրդական, վերլուծաբան Սեյեդ Մոհամմադ Մարանդին՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ հարվածի աշխարհաքաղաքական կոնտեքստին:

Նա նշում է, որ իրանցիների համար պարզ է՝ այն, ինչ տեսնում ենք այսօր, 12-օրյա պատերազմի շարունակությունն է: Ըստ Մարանդիի, այդ պատերազմում Իսրայելի ռեժիմը և Թրամփի վարչակազմը համագործակցեցին Իրանը մասնատելու համար, սակայն ձախողվեցին:

Ավելին, ըստ իրանցի վերլուծաբանի, մի քանի շաբաթ առաջ՝ հունվարի 8-ին և 9-ին, Իրանում բռնկված անկարգություններն ու ահաբեկչական հարձակումներն էին 12-օրյա պատերազմի շարունակությունը:

«Մենք նույնիսկ տեսանք, թե ինչպես ԱՄՆ ֆինանսների նախարարը խոստովանեց դա Դավոսում: Նա պարծեցավ դրանով: Նա ասաց, որ դա դիվանագիտություն է, որ իրեն հաջողվել է մանիպուլյացիաներ անել իրանական արժույթի հետ և մարդկանց փողոց դուրս բերել: Երբ մարդիկ դուրս եկան փողոց, ամեն ինչ խաղաղ էր, ոչինչ տեղի չէր ունենում: Հետո՝ երրորդ օրը, մենք տեսանք, թե ինչպես են շատ լավ պատրաստված խմբերը՝ ահաբեկիչներն ու խռովարարները, տարբեր քաղաքներում և խոշոր քաղաքների տարբեր թաղամասերում դուրս եկել փողոցներ և սկսել ավերածություններ:

Հունվարի 8-ին և 9-ին նրանք սպանեցին մեծ թվով մարդկանց, հատկապես՝ հունվարի 8-ին: Նրանք սպանեցին բազմաթիվ ոստիկանների: Եվ այդ պատճառով զինված ոստիկանությունն ու անվտանգության ուժերը հունվարի 9-ին շատ կոպիտ գործեցին և վերջ դրեցին դրան: Դա մի գործողություն էր, որի արդյունքում մոտ 350 ոստիկան զոհվեց: Նրանք (խռովարարները։- խմբ.) նաև սպանեցին բազմաթիվ խաղաղ բնակիչների, քանի որ ցանկանում էին պատերազմի պատրվակ ստեղծելու համար՝ մեծացնել զոհերի թիվը։

Եվ հետո մենք, իհարկե, տեսանք, թե ինչպես իսրայելցիները պատասխանատվություն ստանձնեցին։ Արևմտյան լրատվամիջոցները ձևացնում են, թե նման բան տեղի չի ունեցել։ Նրանք նրանց անվանում են խաղաղ ցուցարարներ, չնայած կադրերում հստակ երևում է, թե ինչպես են նրանք կրակում և սպանում ոստիկաններին, ծեծում նրանց մահու չափ, և այլն։ Սակայն իսրայելցիները, այսինքն՝ ԿՀՎ նախկին ղեկավար Պոմպեոն, ասացին, որ այնտեղ իսրայելցիներ են եղել։ Մոսադը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ նրանք ներգրավված են եղել։ Իսկ Իսրայելի 14-րդ ալիքը, որը մոտ է Նեթանյահուին, շատ հստակ հայտարարեց, որ մաքսանենգ ճանապարհով Իրան ներմուծված զենքը հանգեցրել է հարյուրավոր իրանցի ոստիկանների մահվան։

Այսպիսով՝ պատկերացրեք, եթե նմանատիպ բան տեղի ունենար ձեր երկրում, Միացյալ Նահանգներում, ինչպե՞ս կարձագանքեր կառավարությունը»,- ասել է Մարանդին։

Իրանցի հեղինակավոր վերլուծաբանն ասում է, որ Իրանի վրա ցանկացած հարձակում կհամարվի լայնամասշտաբ պատերազմ, և Իրանի պատասխանը կլինի ավերիչ։ Մարանդիի կարծիքով, Թրամփն ինքն իրեն անկյուն է մղել, «կուրծք է ծեծում», և հիմա կա՛մ պետք է նահանջի, կա՛մ հարձակվի։

«Եթե նա հարձակվի, պատասխանը կլինի հսկայական, և այն ուղղված կլինի ոչ միայն ամերիկյան բազաների, այլև ամբողջ տարածաշրջանի ամերիկյան շահերի դեմ։ Այս բոլոր արաբական բռնապետությունները, ընտանեկան բռնապետությունները կամ նույնիսկ Ալիևի բռնապետությունն Ադրբեջանում, բոլորը մեղսակից էին։

Նրանք հյուրընկալել են ամերիկյան բազաներ կամ օգնել են իսրայելցիներին 12-օրյա պատերազմում։ Հետևաբար, նրանք բոլորը կպատժվեն: Այնպես որ, եթե հարձակում տեղի ունենա, Իրանը կարող է ոչ միայն փակել Հորմուզի նեղուցը, այլև ոչնչացնել երկու կողմերի նավերը։ Սա կարող է ոչնչացնել էներգետիկ ակտիվները»,- զգուշացնում է Մարանդին՝ հավելելով, որ Իրանին կաջակցեն դաշնակիցներն Իրաքում, Եմենում:

Եմենը, նրա որակմամբ, այսօր շատ ավելի ուժեղ է, քան մի քանի ամիս առաջ էր, Եմենը կարող է «փակել» Կարմիր ծովը և Կարմիր ծովով կամ Հնդկական օվկիանոսով նավթի ու գազի ցանկացած արտահանում։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը և Ալիևը, որոնք օգնել էին իսրայելցիներին 12-օրյա պատերազմի ժամանակ, կարծում եմ, որ իրենց նավթի ու գազի արտադրությունը կարող է հեշտությամբ փակվել։ Այսպիսով, Իրանի իրական կարողությունները կենտրոնացած են Պարսից ծոցի տարածաշրջանում, և դրանք հսկայական են։

Պարսից ծոցի տարածաշրջանը չափազանց խոցելի է։ Ամերիկացիները ոչինչ չեն կարող անել այնտեղ իրենց ակտիվները պաշտպանելու համար։ Պարսից ծոցի բոլոր ռեժիմները, ընտանեկան բռնապետությունները մեղսակից են, քանի որ իրենց մոտ տեղակայված են ամերիկյան բազաներ։ Հետևաբար, Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը, անկասկած, կհանգեցնի համաշխարհային տնտեսության փլուզման։ Այժմ, դատելով մեր ստացած տեղեկատվությունից, իսրայելական ռեժիմը չի ցանկանում ներգրավվել, քանի որ չափազանց խոցելի է։ Մենք տեսանք, որ նրանք ձախողվեցին 12-օրյա պատերազմի ժամանակ։

Ոչ միայն զգալիորեն աճել են Իրանի հրթիռային հնարավորությունները, այլև ամրապնդվել են նրա հակաօդային պաշտպանության համակարգերը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ»,- նշում է Մարանդին:

Ըստ նրա, իսրայելցիները 12-օրյա պատերազմում չկարողացան լուծել իրենց խնդիրը, իսկ այսօր Իրանը շատ ավելի շատ առավելություն ունի, քան այն ժամանակ։ Մարանդին գտնում է, որ իսրայելական ռեժիմը և սիոնիստները ցանկանում են, որ ամերիկացիները զոհաբերեն իրենց իսրայելցիների համար։

«Թրամփի շրջապատի մարդիկ, Կոնգրեսի և Սենատի մարդիկ իսրայելամետ են։ Նրանք պատրաստ են զոհաբերել ԱՄՆ շահերն Իսրայելի շահերի համար։ Այսպիսով, մեծ հավանականություն կա, որ չնայած այն հանգամանքին, որ սա աղետ կլինի Միացյալ Նահանգների համար, նրանք դեռ կարող են իրականացնել այն, քանի որ նրանք դա անում են Իսրայելի համար։ Իրականում, եթե վերադառնանք գեներալ Սոլեյմանիի սպանությանը, դա ևս նույնն էր, ինչ տեղի է ունենում:

Սկզբում գեներալ Սոլեյմանին պետք է ոչնչացվեր իսրայելցիների և ամերիկացիների համատեղ գործողության արդյունքում։ Սակայն վերջին պահին Նեթանյահուն հրաժարվեց։ Կարծում եմ, դա էր սկզբնական ծրագիրը։ Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը, իհարկե, թռան Քաթարից և սպանեցին գեներալ Սոլեյմանիին, ինչն իրանցիները չեն մոռանա։ Այսպիսով, եթե ԱՄՆ-ը հարձակվի, Քաթարը, ԱՄԷ-ն և մյուսները՝ Ալիևը ու ադրբեջանցիները, ավելի լավ է՝ իրենց պայուսակները պատրաստ պահեն»,- ասում է Սեյեդ Մոհամմադ Մարանդին:

Leave a Comment