Քաղաքագետ Հակոբ Բադալյանը թելեգրամյան ալիքում գրում է. «Վերջին օրերին, երբ Իրանի շուրջ լարվածության աճին զուգահեռ ակտիվ պտտվում է միջազգային շփումների դիվանագիտական մաքոքը, սա Հայաստանի եւ Իրանի միջեւ շփման եզակի օրինակ է: Այդ եզակի օրինակն էլ փաստորեն դեսպանի մակարդակով է: Դա այն դեպքում, երբ Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը ինտենսիվ շփվել են ռեգիոնի բոլոր դերակատարների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի:
Ինչու՞ է Հայաստանի հանդեպ մոտեցումը այդպիսին: Պատասխանը երեւի թե շատ օրեր առաջ տվեց հենց նույն Իրանի դեսպանը, Երեւանում հայտարարելով, որ Իրանում կա ընկալում, թե Հայաստանը դառնում է հակաիրանական ուժերի կենտրոն:
Իսկ Երեւանից այս օրերին ոչ միայն «վարչապետական դիսկոտեկների» գոնե ընդմիջումների ընթացքում ժամանակ չի գտնվել մի հայտարարություն անել՝ Իրանի շուրջ լարվածության թեմայով, գոնե կես բառով ակնկալիք հայտնելով, որ Հայաստանը շահագրգռված է խնդիրների դիվանագիտական լուծմամբ եւ կայունության հաստատմամբ, այլ մերձիշխանական տարբեր խոսափողերով զանազան տեսակետներ են հնչեցվել, թե Իրանն անխուսափելի պատասխան պետք է տա ցուցարարների սպանելու համար:
Այս ֆոնին, Իրանի դեսպանի այցը ԱԺ ավելի շուտ կարող է լինել պարզապես Հայաստանի վարքագծի հանդեպ տարակույսի հերթական արտահայտման առիթ, քան Հայաստանի հետ որեւէ լուրջ բան խոսելու, ցավոք սրտի»: