Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի դրոշակակիրը, մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում փետրվարի 6-22-ը կայանալիք 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովան – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը նվաճել էին գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։

Գեղասահորդներից բացի, ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու են նաև դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն գեղասահորդները. կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է փետրվարի 6-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Ձմեռային օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:

Leave a Comment