ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է խաթարել Եկեղեցու բնականոն կյանքը, սա իսկական հալածանք է, երկրում անարխիա է տիրում: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների և քահանայի նկատմամբ ՔԿ-ի նախաձեռնած քրեական վարույթներին:
«Իրենց նպատակը Եկեղեցին կազմաքանդելն է, բայց մենք դիմակայում ենք այս հալածանքներին, որովհետև Վեհափառը շատ իմաստուն ու խորագետ է, ամեն ինչ անում է, որ բախումներից խուսափենք: Նիկոլ Փաշինյանը տանում է բախումների, արյունահեղություն է ուզում, որ վիրավորներ ու զոհեր լինեն, սադրիչներ էլ ունի, օրինակ՝ Թալինի քաղաքապետը, Դուրգարյանը, Կարեն Պետրոսյանը, բեռնախցիկում պահվող Արմեն Առաքելյանը (խմբ․ – կարգալույծ քահանա տեր Կորյուն)»։
Տեր Վրթանեսը ընդգծեց, որ նախորդ տարի իրենց՝ Արագածոտնի թեմի քահանաների նկատմամբ կիրառված քայլերը ՔԿ-ն հիմա էլ իրականացնում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ եպիսկոպոսների նկատմամբ՝ արգելելով բացակայել երկրից: Ըստ նրա՝ սցենարը նույնն է:
«Նոր բան չի, 2018-ից հետո է սկսվել Եկեղեցու դեմ արշավը, երբ եպիսկոպոսներին զրկեցին իրենց դիվանագիտական անձնագրերից, այսօր հասել ենք նրան, որ քննչականով երկրից բացակայելու արգելք է դրվել, սա կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին: ՔԿ-ն փոխանակ հանցագործներով ու երկրի անվտանգության հարցերով զբաղվի, ընկել է ընդդիմադիրների, մտավորականների, հոգևորականների հետևից, նրանց հետևից, ովքեր իշխանության «ուդառնիկի» տակ չեն պարում, շոուներին չեն մասնակցում»:
Քահանան ընդգծեց, որ վարչապետի աթոռին նստած անձը չի պահպանում Սահմանադրությունը, անգամ կամակատարներ ունի դատարաններում՝ «վնգստացող դատավորների» մի խմբակ:
«Գործերը մշտապես նույն դատավորներին են մակագրվում, եթե իմ դեմքն էլ Փաշինյանին դուր չգա, Մասիս Մելքոնյանը կալանք կտա», – իր մտահոգությունները հայտնեց Տեր Վրթանեսը։
Հասմիկ Կիրակոսյան