Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանը փոխվում է, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի մայր օրենքից, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Անվանումների դրույթների փոփոխությունն արտացոլված է Ադրբեջանի «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Միլլի մեջլիսի այսօրվա նիստում:
Գործող սահմանադրության նախաբանում նշված է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, որոնք ներկայումս գործում են։
Առաջարկվող նոր խմբագրությունում նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը:
Նշվում է, որ Նախիջևանի սահմանադրության հիմքը կազմում են «1991թ. օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991թ. հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում ամրագրված սկզբունքները, ինչպես նաև 1995թ. նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունված Ադրբեջանի սահմանադրությունը»:
Քննարկումներից հետո օրինագիծն ընդունվել է երկրորդ քվեարկությամբ:
